Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրենյանց
A A
Քաղաքականություն

Արցախի սուբեկտության երաշխիքներ կարող են ստեղծվել բացառապես հայ- ադրբեջանական, Ադրբեջանի ու ԼՂ դիալոգի շնորհիվ․«Դեմոկրատական այլընտրանք»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի  հայտարարությունը2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել են  Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո:Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:

Ստեղծված ճգնաժամային իրավիճակը, մի կողմից՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության, Ռուսաստանի տարածաշրջանային կարողությունների սահմանափակման, Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված միջազգային կոնսոլիդացված ջանքերի բացակայության, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանք է:«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորապես համոզված է, որ Արցախի սուբեկտության նրա ժողովրդի անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքներ կարող են ստեղծվել բացառապես հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ Ադրբեջանի ու ԼՂ դիալոգի շնորհիվ:

Կարգավորման տեսլական և օրակարգ չունեցող իշխանությունը չի կարող սպասարկել նման բարդ օրակարգ, ինչի հետևանքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը գնալով ավելի սանձարձակ ու ագրեսիվ է դառնում:

Նման օրհասական իրավիճակում անհրաժեշտ ենք համարում Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ օրակարգի ձևավորումը, արդյունավետության մեծացումը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է լուծի այս խնդիրը կամ հեռանա՝ ճանապարհ բացելով այնպիսի իշխանության ձևավորման համար, որը ներքին համակարգային բարեփոխումներ իրականացնելու և արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու պոտենցիալ ունի:Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության, Արցախի հայկականության ու անվտանգության հիմնական երաշխիքը՝ հարևան բոլոր երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է:

Սա ելակետային դիրքորոշում է մեր կուսակցության համար: