Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դախին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ ու արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հայաստանը պատրաստակամ է Մավրիտանիայի հետ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները տարբեր բնագավառներում և նախանշել այն ուղղությունները, որտեղ առկա են նախադրյալներ և փոխադարձ հետաքրքրություն: Ցավոք մեր երկրների միջև հարաբերությունները զարգացած չեն: Հուսով եմ, որ Ձեր նշանակումը խթան կհանդիսանա համագործակցությունը զարգացնելու համար: Պատրաստ ենք Ձեզ աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցել Մավրիտանիայի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և պատրաստակամություն հայտնել հնարավորինս նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Դեսպան Մոհամեդ Մահմուդ Դախին նաև նշել է Հայաստանում հյուպատոսարան՝ ապագայում էլ դեսպանատուն բացելու Մավրիտանիայի պատրաստակամությունը: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է աֆրիկյան և արաբական երկրների հետ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին և շեշտել հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և խաղաղության հասնելու Հայաստանի մոտեցումները: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերի և Լաչինի միջանցքի ապաշրջափակման ու գազամատակարարման դադարեցման վերաբերյալ, որոնք հումանիտար ճգնաժամի սպառնալիքներ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է արվել նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությանը: