Բացել լրահոսը Փակել լրահոսը
_127933066_telegram-still
A A
Քաղաքականություն

Ով է գնդակահարել հայ ռազմագերիներին. BBC-ի հետաքննությունը

Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8 (որոշ տեղեկություններով՝ 9) անզեն հայ զինվորի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպն ուսումնասիրել են BBC-ի, Bellingcat հետաքննական խմբի և Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խմբի լրագրողները։ BBC-ն ուսումնասիրել է նաև, թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վրա։

«Արևածագի շողերով լուսավորված բլրի գագաթին զինված մարդիկ, որ հենց նոր էին գրավել հակառակորդի մարտական դիրքերը, զենքի սպառնալիքով մի խումբ ռազմագերիների հավաքում են մի վայրում և ստիպում նրանց, ձեռքերը բարձրացրած, նստել գետնին: Հնչում են կրակոցներ: Լսվում է բղավոց ադրբեջաներեն լեզվով՝ «Վուրմա, Վուրմա» (Մի՛ կրակեք)։

Ռազմագերիներն ընկնում են, ընկածների ուղղությամբ կրակոցները որոշ ժամանակ դեռ շարունակվում են», - ներկայացնում է միջադեպը BBC-ն՝ հավելելով, որ բջջային հեռախոսով նկարահանված 40 վայրկյան տևողությամբ տեսահոլովակն արագ տարածվեց սոցիալական ցանցերում և Telegram-ալիքներում։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և արտադատական սպանությունների մեջ։ Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը BBC-ին ասել է, որ այս գործով նյութեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ կատարվում է նախաքննություն, և «եթե ենթադրյալ անձանց, զինվորականների մեղքն ապացուցվի», ապա «քրեական պատասխանատվության հարցը կարող է լուծվել»։

Ո՞վ է կրակել և ո՞վ է դարձել զոհ

Այնուհետև BBC-ն ներկայացնում է տեսանյութի իր վերլուծությունը՝ նշելով, որ հրապարակված կադրերում առնվազն 15 զինծառայող շրջապատել է ութ (այլ տվյալներով՝ ինը) անզեն մարդկանց խմբի, որի անդամները կրում են հայկական բանակում օգտագործվող սաղավարտներ և համազգեստ։
BBC-ն համեմատել է այս կամուֆլյաժը հայկական զինված ուժերի նոր համազգեստների և հայկական բանակի կողմից օգտագործվող սաղավարտների հայտնի լուսանկարների հետ։ Իսկ հարձակվող զինվորների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակում կիրառվող համազգեստի հետ: Այնուամենայնիվ, համազգեստի վրայի գրություններից հնարավոր չէ որոշել, թե որ ստորաբաժանումից են հարձակվող զինվորները:

Bellingcat-ի հետաքննիչները եկել են նույն եզրակացության՝ նրանք համազգեստի գույները համեմատել են camopedia.org կայքում տեղադրված նմուշների հետ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների զինված ուժերի համազգեստները:

Տեսանյութը հրապարակած ադրբեջանամետ Telegram-ալիքում ասվում է, որ զինծառայողները  Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերից են (XTQ – xüsusi təyinat qüvvələri): BBC-ի, HRW-ի և Bellingcat-ի հետաքննիչները նաև հաստատել են, որ Vurma («Մի՛ կրակեք») արտահայտությունը բղավողի համար ադրբեջաներենը մայրենի լեզու է։

Թե ինչ է հետո լինում գերեվարվածների հետ՝ հայտնի չէ, սակայն Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոհինի Հաարը, որին վկայակոչում է HRW-ն, կարծում է, որ նման հեռավորությունից ավտոմատ զենքերից կրակելիս ողջ մնալու հնարավորությունը շատ ցածր է։

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել գնդակահարությունը

Միջադեպի ժամանակը պարզելու համար Bellingcat-ի հետաքննիչները կիրառել են ժամանակագրական տեղորոշման մեթոդներ, այդ թվում՝ արբանյակային պատկերները և արևի դիրքը՝ նկարահանման վայրի նկատմամբ:

«Առկա տվյալները բավարար չեն կրակոցի ամսաթիվը ճշգրիտ որոշելու համար. ըստ հետաքննիչների՝ միջադեպը կարող էր տեղի ունենալ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 6:00-6:30-ն ընկած ժամանակահատվածում: Բայց, հաշվի առնելով, որ սեպտեմբերյան մարտերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ամենահավանական ժամանակը կարող է լինել սեպտեմբերի 13-ի վաղ առավոտը», - նշվում է հոդվածում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։