Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ronaldo 11.12.
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարություն է տարածել

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող և ավագ Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում: Ահա այն.

«Պորտուգալիայի հետ աշխարհի առաջնությունում հաղթելն իմ կարիերայի ամենամեծ և ամենահավակնոտ երազանքն էր: Ես բազմաթիվ միջազգային տիտղոսներ եմ նվաճել, այդ թվում Պորտուգալիայի հետ, բայց մեր երկրի անունն աշխարհի ամենաբարձր ֆուտբոլային բարձունքի վրա դնելն իմ ամենամեծ երազանքն էր։

Ես շատ պայքարեցի այդ երազանքի համար: Աշխարհի առաջնություններում, 16 տարվա ընթացքում, գոլ եմ խփել 5 հանդիպումներում, անվանի խաղացողների և միլիոնավոր պորտուգալացիների աջակցությամբ: Ես տվել եմ ամեն ինչ։ Ես ամեն ինչ թողեցի խաղադաշտում։ Ես երբեք երես չեմ թեքել պայքարից և չեմ հրաժարվել այդ երազանքից։

Ցավոք, երեկ երազանքն ավարտվեց։ Չարժե արձագանքել անմիջապես: Պարզապես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ շատ բան է ասվել, շատ է գրվել, շատ է շահարկվել, բայց իմ հավատարմությունը Պորտուգալիայի նկատմամբ ոչ մի րոպե չի փոխվել: Ես միշտ պայքարել եմ բոլորիս նպատակի համար և երբեք երես չեմ թեքի իմ թիմակիցներից և իմ երկրից։

Այժմ ասելու շատ բան չկա: Շնորհակալություն, Պորտուգալիա։ Շնորհակալություն, Քաթար։ Երազը հաճելի էր, քանի դեռ շարունակվում էր... Հիմա հույս կա, որ ժամանակը լավ խորհրդատու կլինի ու թույլ կտա յուրաքանչյուրին ինքնուրույն եզրակացություններ անել», - գրել է աշխարհահռչակ ֆուտբոլիստը:

 

Հավելենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հաղթող: Միաժամանակ, նա մասնակցել է աշխարհի 5 առաջնությունների, որոնցում այդպես էլ չի հաջողվել մեդալ նվաճել: