Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads in Artshakh
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցիները չեն կարողացել մտնել հանքավայրեր` մի խումբ արցախցիներ ճանապարհը փակել են. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով.

«Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ Արցախում մեկնարկել է ընդերքի մշտադիտարկման աշխատանքները։ Արցախից պաշտոնապես արձագանք դեռ չկա ու այս թեմայով, ոչ պաշտոնական աղբյուրներից, բավականին հակասական տեղեկություններ են ստացվում։

Ըստ այդ տեղեկությունների, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այդպես էլ հնարավորություն չեն ստացել մուտք գործել նախապես պլանավորած հանքավայրեր, որովհետև մի խումբ արցախցիները դեպի հանք տանող ճանապարհը փակել են։

Ընդ որում՝ նույնիսկ տեղեկություն կա, որ ադրբեջանցիների ճանապարհը 2 հատվածում է փակվել։ Թե այս պահին որտեղ են ադրբեջանցիները, ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ինչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ»։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ բանակցությունների արդյունքների համաձայն՝ այսօրվանից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում:

Նշենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ մի խումբ ադրբեջանցիներ՝ իբր բնապահպանական ակտիվիստներ, փակել էին Հայաստանն Արցախին կապող Գորիս- Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով ժամեր շարունակ քաղաքացիները մնացել էին ճանապարհին կանգնած: