Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի
A A
Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանին դատարանն արդարացրել է

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին։

  Վերջինս մեղադրվում էր 2021 թվականի մարտի 15-ին  «Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետապատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ  բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցնելու մեջ»:

   Գործը դատարան էր մուտքագրվել 2021 թ մայիսի 12-ին։ 10 դատական նիստերից հետո, դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշել է՝ Զարուհի Փոստանջյանն  անմեղ է։

   Դատարանն արձանագրել է,  որ Զարուհի Փոսնանջյանին մեղադրանք առաջադրելիս պատշաճ գնահատման չի արժանացվել նաեւ վերջինիս անձն ու հասարակությունում նրա ունեցած դերը: Մասնավորապես այն, որ Զարուհի Փոստանջյանը հանդիսանում է «Երկիր Ծիրանի» քաղաքական կուսակցության ղեկավարը, որպիսի հանգամանքն առավել քան վկայում է այն մասին, որ տվյալ իրադրությունում նա հանդես է եկել որպես քաղաքական գործիչ՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավար, իսկ քննության առարկա ելույթը կատարվել է քաղաքական խոսքի համատեքստում:

Դատարանը կրկին արձանագրել  է, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից որևէ գործողություն չի կատարվել ամբաստանյալի ելույթը  youtube.com կայքում տեղադրած անձին բացահայտելու ուղղությամբ, արդյունքում պարզելու համար նաև, թե ի՞նչ նպատակով է դա կատարվել, և արդյո՞ք Զարուհի Փոստանջյանը նախապես տեղյակ է եղել տեսանյութը համացանցում տեղադրվելու հանգամանքի մասին: Մինչդեռ մեղադրանքը կառուցվել է հենց ինտերնետային կայքում տեղադրված տեսանյութի հիման վրա: Ավելին, ըստ մեղադրանքի, Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունեցել հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ, սակայն չի բացահայտվել նրանցից գեթ մեկի ինքնությունը, ինչը կարող է հաստատել, որ բազմության մեջ ամբաստանյալի համակուսակից անդամներից բացի եղել են նաև այլ քաղաքացիներ:
Դատարանի համոզմամբ Զարուհի Փոստանջյանի ելույթն իր ամբողջության մեջ չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, և որպես այդպիսին՝ նաև ատելության խոսք:

«Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել այնպիսի փաստական տվյալ, որ ամբաստանյալը բռնություն կիրառելու դիտավորություն է ունեցել, ուստի նրա գործողություններն ու արված հայտարարություններն իրենց բնույթով չեն կարող ներկայացնել հասարակական վտանգավորութուն: Ավելին, Զարուհի Փոստանջյանն իր ելույթով ներկայացրել է իր հայացքները քաղաքական հարցերի մասին: Ընդ որում, Զարուհի Փոստանջյանի ելույթի ամբողջ համատեքստից հետևում է, որ նա ոչ թե հրահրել է բռնություն կիրառել Նիկոլ Փաշինյանի դեմ կամ արդարացրել է այդ բռնության կիրառումը, այլ, մեջբերելով պատմական դրվագներ, կանխատեսում է կատարել հետագա զարգացումների վերաբերյալ»,- նշված է վճռում:

  Դատարանը գտել է, որ ապացուցված և հիմնավորված չէ, որ Զարուհի Փոստանջյանը կատարել է իրեն մեղսագրված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որպիսի պայմաններում Զարուհի Փոստանջյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել՝ ապացույցների անբավարարության հիմքով:
  Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում։