Բացել լրահոսը Փակել լրահոսը
09410000-0a00-0242-e965-08dad487686b_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Կենդանիների արյունով ծանրոցներ` Եվրոպայում Ուկրաինայի դեսպանատներին

Ամերիկայի ձայն

 

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է արտասահմանում ուկրաինական դիվանագիտական հաստատություններին ահաբեկելու նպատակով իրականացվող գործողությունների մասին:

Մադրիդում Ուկրաինայի դեսպանատունն ուրբաթ օրը ստացել է արյունով լցված փաթեթ: Վերջին օրերի ընթացքում նման փաթեթներ ու ծանրոցներ են ստանում նաեւ եվրոպական այլ երկրներում գտնվող Ուկրաինայի դեսպանատները:

Իսպանիայի ոստիկանությունը շրջափակել է Ուկրաինայի դեսպանատան հարակից տարածքը։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սա արտերկրում ուկրաինական դիվանագիտական հաստատությունների աշխատակիցներին ահաբեկելու նպատակ ունեցող արշավ է:

Կենդանական արյունով լցված ծանրոցներ ու փաթեթներ են ուղարկվել նաեւ Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում գտնվող Ուկրաինայի դեսպանատների հասցեներով, Նեապոլում և Կրակովում գտնվող գլխավոր հյուպատոսություններ, ինչպես նաև Բռնոյի հյուպատոսություն։ Փաթեթներում եղել են կենդանիների աչքեր: Փաթեթների ներքին հատվածը լցված է եղել արյունով, որից փչել է գորշահոտ: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարգադրել է ուժեղացնել անվտանգության ռեժիմը արտերկրում Ուկրաինայի բոլոր հյուպատոսությունների և դեսպանատների համար:

Նիկոլենկոյի խոսքով՝ Վատիկանում Ուկրաինայի դեսպանի բնակարանի մուտքը վանդալիզմի է ենթարկվել։ Հռոմում մարդկային կղանք են լցրել դեսպանատան դռան առաջ:

Բացի այդ, այս շաբաթ հրկիզող սարքերով ծանրոցներ են ուղարկվել Մադրիդում Ուկրաինայի դեսպանատուն, Մադրիդում ԱՄՆ-ի դեսպանատուն, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի գրասենյակ, Իսպանիայի պաշտպանության նախարարություն, զենքի արտադրության ‘’Instalaza’’ ընկերություն և ‘’Torrejon de Adros’’-ի ավիաբազա:

Առաջին նման սարքը նոյեմբերի 24-ին հայտնաբերվել է Իսպանիայի վարչապետի գրասենյակի փոստում։ Չորեքշաբթի օրը կասկածելի փաթեթ է հասել Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերխի Պոհորելցևի անունով։ Ուղարկողի անունը նշված չի եղել, և դեսպանի քարտուղարը այն հանձնել է պարետին։ Փաթեթը բացելիս` պարետը թեթև վնասվածք է ստացել ձեռքի շրջանում: Նրան բուժօգնություն են ցուցաբերել հիվանդանոցում։

Իսպանիայի անվտանգության ուժերը պայթեցրել են ստացված բոլոր հրկիզիչ փաթեթները: Միայն մեկ սարք պահվել է քննչական նպատակներով։

Իսպանիայի ներքին գործերի փոխնախարար Ռաֆայել Պերեսը հինգշաբթի օրն ասել է, որ ինքնաշեն սարքերն ուղարկվել են դյուրավառ փոշի և լարեր պարունակող շագանակագույն փաթեթներով, որոնք կարող են առաջ բերել «հանկարծակի բոց», սակայն` ո պայթյուն:

Իսպանիայի Գերագույն դատարանը, սկսել է հետաքննություն։

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսը, որը հինգշաբթի օրը Օդեսայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ, ասել է, որ «պետք է միանգամայն հստակ լինի, որ ո՛չ այդ ծանրոցները, ո՛չ էլ որևէ այլ բռնի գործողություն չի կարող փոխել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պաշտպանվելու համար ո՛չ Իսպանիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրների աջակցությունը:

Սույն հոդվածը կազմված է ''Ռոյթերս'' գործակալության հայտնած տեղեկությունների վրա: