
Քաթար-2022, մրցումային 12-րդ օր. Գերմանիային և Բելգիային կփրկի միայն հաղթանակը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 3-րդ տուրի ևս չորս հանդիպում: Առանձին խմբերի խաղերը կանցկացվեն զուգահեռաբար:
F խումբ
Կանադա – Մարոկո, Խորվաթիա – Բելգիա
Խաղերի սկիզբը՝ 19:00
Այս խմբում միայն Կանադայի հավաքականը շանս չունի մտնելու փլեյ-օֆֆ: Մարոկոյի թիմին նվազագույնը պետք է մեկ միավոր խմբային փուլը հաղթահարելու համար: Իսկ ահա անհաջողության դեպքում աֆրիկյան ընտրանին հնարավոր է նաև դուրս մնա մրցաշարից:
Խորվաթիա – Բելգիա խաղում բելգիացիները պետք է անպայման հաղթեն, որպեսզի շարունակեն պայքարը 1/8 եզրափակիչում, հակառակ դեպքերում նրանք հետ կմնան ոչ միայն խորվաթներից, այլև մարոկացիներից, քանի որ 2-րդ տուրում պարտվել են վերջիններին՝ 0:2:
E խումբ
Իսպանիա – Ճապոնիա, Գերմանիա – Կոստա Ռիկա
Խաղերի սկիզբը՝ 23:00-ին
Սույն խմբում տեսականորեն բոլոր թիմերն էլ կարող են մտնել փլեյ-օֆֆ կամ դուրս մնալ մրցաշարից: Մասնավորապես՝ եթե Իսպանիան պարտվի Ճապոնիային, իսկ Կոստա Ռիկան հաղթի Գերմանիային, ապա իսպանացիներն ու գերմանացիները ստիպված կլինեն կապկպել «ճամպրուկները» և վերադառնալ հայրենիք:
Գերմանացիներին այսօրվա խաղում անպայման պետք է հաղթանակ, որպեսզի նվաճեն երկու ուղեգրերից մեկը, ընդ որում հարկավոր է շատ գոլ խփել Կոստա Ռիկային, քանի որ հնարավոր է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ հարկ կլինի հաշվել ոչ միայն ճապոնացիների, այլև իսպանացիների հետ եղած գնդակների տարբերությունը: