Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 30.11.
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 11-րդ օր. Արգենտինայի և Մեսիի ամենավերջին շանսը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր իրենց վերջին հանդիպումները կանցկացնեն C և D խմբի թիմերը: Նույն խմբի խաղերը կսկսեն նույն ժամին և կկայանան զուգահեռաբար:

D խումբ

Ավստրալիա – Դանիա, Թունիս – Ֆրանսիա

Խաղերի սկիզբը՝ 19:00

Ֆրանսիայի հավաքականը մեկնարկում տարել է երկու անընդմեջ հաղթանակ և արդեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում: Մնացած երեք թիմերը դեռևս հավակնում են երկրորդ ուղեգրին: Նրանցից առավել շահավետ վիճակում է գտնվում Ավստրալիայի հավաքականը, որն ունի 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Հաղթելու դեպքում ավստրալացիները միանշանակ կմտնեն փլեյ-օֆֆ: Ոչ-ոքի արդյունքը նույնպես ձեռնտում է նրանց, սակայն մի դեպքում, եթե Թունիսն անսպասելի չհաղթի Ֆրանսիային: Դանիայի ընտրանին միայն հաղթանակի դեպքում կարող է նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր, սակայն դա կապված է խփած գոլերի քանակից ու զուգահեռ ընթացող Թունիս – Ֆրանսիա հանդիպման ելքից: Թունիսցիներին միայն հաղթանակը կարող է մոտեցնել հաջորդ փուլին:

C խումբ

Լեհաստան – Արգենտինա, Սաուդյան Արաբիա – Մեքսիկա

Խաղերի սկիզբը՝ 23:00

Երկու տուրից հետո այս խմբում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ-ոքի արդյունքը ձեռք է տալիս միայն Լեհաստանի ընտրանուն, որը 4 միավոր է վաստակել: Իսկ ահա 3-ական միավոր ունեցող Արգենտինան ու Սաուդյան Արաբիան միայն հաղթանակի դեպքում 100 տոկոսով կապահովեն իրենց տեղը փլեյ-օֆֆում: Մեքսիկայի հավաքականը նույնպես կարող է նվաճել ուղեգիր, սակայն դրա համար հարկավոր է հաղթել Սաուդյան Արաբիային և հուսալ, որ արգենտինացիները կամ կպարտվեն, կամ էլ խոշոր հաշվով կհաղթեն Լեհաստանին: