
Քաթար-2022, մրցումային 10-րդ օր. ԱՄՆ-ն և Սենեգալը նահանջելու տեղ չունեն
Աջակցիր «Ա1+»-ինՔաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կմեկնարկի խմբային փուլի 3-րդ տուրը: Նույն խմբի հանդիպումները կանցնեն զուգահեռաբար:
A խումբ
Նիդեռլանդներ – Քաթար, Էկվադոր - Սենեգալ
Խաղերի սկիզբը՝ 19:00
Նիդեռլանդների հավաքականը, որը 4 միավորով գլխավորում է աղյուսակը, տեսականորեն կարող է դուրս մնալ պայքարից, եթե խոշոր հաշվով պարտվի Քաթարին, իսկ զուգահեռ ընթացող խաղում Սենեգալը նվազագույն հաշվով հաղթի Էկվադորին: Նման տարբերակը իրատեսական չէ, քանի որ քաթարցիները դժվար թե երեք անպատասխան գոլ խփեն խմբի առաջատարին: Նիդեռլանդները և Քաթարն այսօր առաջին անգամ կխաղան իրար հետ:
Էկվադոր – Սենեգալ հանդիպումը կարևոր նշանակություն ունի կողմերի համար: Փլեյ-օֆֆ մտնելու համար սենեգալցիներին անպայման պետք է հաղթանակ, իսկ ահա էկվադորցիներին ձեռք է տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը: Թիմերի միջև կայացած միակ ընկերական հանդիպումն ավարտվել է աֆրիկյան հավաքականի հաղթանակով՝ 1:0:
B խումբ
Իրան – ԱՄՆ, Ուելս – Անգլիա
Խաղերի սկիզբը՝ 23:00
Երկու տուրից հետո խմբում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ բոլոր թիմերն էլ կարող են մտնել փլեյ-օֆֆ:
Բոլորից լավ շանսեր ունի Անգլիայի հավաքականը, որը 4 միավորով գլխավորում է աղյուսակը և հաջորդ փուլ մտնելու համար բավական է ոչ-ոքի խաղա այս տուրում: Ուելսի ընտրանին նույնպես հնարավորություն ունի փլեյ-օֆֆ մտնելու, սակայն դրա համար պետք է հաղթի Անգլիային, իսկ զուգահեռ ընթացող Իրան – ԱՄՆ խաղում հաղթանակ տանեն ամերիկացիները:
Անգլիան և Ուելսն այսօր իրար հետ կհանդիպեն 104-րդ անգամ: Ուելսցիներն անգլիացիներին վերջին անգամ հաղթել են 1984 թվականին, որից հետո նրանք բոլոր խաղերում պարտություն են կրել:
Իրանի և ԱՄՆ-ի հավաքականները հաղթանակ տանելու դեպքում միանշանակ կմտնեն 1/8 եզրափակիչ: Ոչ-ոքին ձեռնտու է իրանցիներին, սակայն մի դեպքում, եթե անգլիացիները երեք միավոր «չնվիրեն» ուելսցիներին:
Թիմերը իրար հետ հանդիպել են 1998թ աշխարհի առաջնությունում: Այն ժամանակ 2:1 հաշվով հաղթել են իրանցի ֆուտբոլիստները: