Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+serbia
A A
Սպորտ

Սերբիան ու Կամերունը գոլառատ ոչ-ոքի արեցին. Քաթար-2022

Այսօր կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրի հերթական հանդիպումը:

Սերբիայի և Կամերունի հավաքականները, որոնք մեկնարկային խաղում գոլ չէին խփել և պարտություն էին կրել, այս անգամ աչքի ընկան արդյունավետ խաղով:

Հանդիպման 29-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ժան-Շարլ Կաստելետոն առաջ մղեց կամերունցիներին: Սակայն, դեռևս առաջին խաղակեսին ավելացված ժամանակում Ստրահինյա Պավլովիչն ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն իրար ետևից երկու գոլ խփեցին, և Սերբիայի ընտրանին մեկ գնդակի առավելությամբ գնաց ընդմիջման:

Երկրորդ կեսի սկզբին Ալեքսանդր Միտրովիչը երրորդ գոլը խփեց աֆրիկացիներին: Թվում էր, Կամերունի հավաքականը կկրի իր երկրորդ պարտությունը, սակայն Ռիգոբեր Սոնգի սաները չընկճվեցին և շարունակեցին պայքարը: Խաղի 63-րդ րոպեին Աբուբաքարը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ 66-ին Չուպո-Մոտինգը հավասարեցրեց այն: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3:3:

Այդ ոչ-ոքիից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր և շարունակում են զբաղեցնել 3-4-րդ տեղերը: Խումբը 3-ական միավորով գլխավորող Բրազիլիան ու Շվեյցարիան այսօր կհանդիպեն իրար հետ: