Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 28.11.
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 9-րդ օր. Բրազիլիան ու Պորտուգալիան կարող են մտնել փլեյ-օֆֆ

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 2-րդ տուրի վերջին 4 հանդիպումները:

Կամերուն – Սերբիա

Խաղի սկիզբը՝ 14:00

Մեկնարկային խաղում Կամերունի ընտրանին 0:1 հաշվով զիջել է Շվեյցարիային, իսկ Սերբիան պարտվել է Բրազիլիային՝ 0:2: Կողմերը միայն հաղթանակի դեպքում կկարողանան պայքարել փլեյ-օֆֆ մտնելու համար:

Սա երկու թիմերի երկրորդ հանդիպումն է: Նախկինում կայացած միակ ընկերական խաղում 4:3 հաշվով հաղթել են սերբերը:

Հարավային Կորեա – Գանա

Խաղի սկիզբը՝ 17:00

Հարավկորեացիներն առաջին խաղում ոչ-ոքի՝ 0:0 են խաղացել Ուրուգվայի հետ, իսկ ահա Գանան լարված պայքարում զիջել է Պորտուգալիային: Աֆրիկացի ֆուտբոլիստները պարտվելու դեպքում դուրս կմնան մրցաշարից, իսկ ասիացիները կհայտնվեն բարդ իրավիճակում, քանի որ վերջին տուրում հանդիպելու են ավելի ուժեղ Պորտուգալիայի հետ: Թիմերը նախկինում բազմիցս հանդիպել են իրար հետ: 2014թ կայացած վերջին ընկերական խաղում 4:0 հաշվով հաղթել է Գանայի հավաքականը:

Բրազիլիա – Շվեյցարիա

Խաղի սկիզբը՝ 20:00

Թիմերը մրցաշարը սկսել են հաղթանակով: Բրազիլիայի ընտրանին մեկնարկային խաղում առավելության է հասել Սերբիայի նկատմամբ՝ 2:0, իսկ Շվեյցարիան նվազագույն հաշվով պարտության է մատնել Կամերունին: Հաղթող կողմը ժամանակից շուտ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր: Յուրաքանչյուրի պարտությունը կդժվարացնի հաջորդ փուլ մտնելու հարցը: Թիմերը հանդիպել են նաև աշխարհի նախորդ առաջնությունում: Այդ խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք՝ 1:1:

Պորտուգալիա – Ուրուգվայ

Խաղի սկիզբը՝ 23:00

Պորտուգալացիներն առաջնությունը սկսել են Գանայի նկատմամբ տարած դժվարին հաղթանակով՝ 3:2: ուրուգվայի ընտրանին առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Հարավային Կորեայի հետ: Եվրոպացիները հաղթելու դեպքում կապահովեն փլեյ-օֆֆի ուղեգիրը, մնացած դեպքերում այդ հարցը կլուծվի միայն վերջին տուրում: Ուրուգվայցիները սայթաքելու դեպքում կհայտնվեն բարդ իրավիճակում: Կողմերի միջև վերջին խաղը կայացել է անցած աշխարհի առաջնությունում և ավարտվել է ուրուգվայցիների հաղթանակով՝ 2:1: