Առանց մեդալի
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը անհաջող հանդես եկավ Մինսկում մեկնարկած աշխարհի գավաթի թիմային խաղարկության խմբային փուլում:
Լեւոն Ջուլֆալակյանի սաները 1-ին մրցամարտում 1:6 հաշվով զիջեցին Ռուսաստանի ուժեղ ընտրանուն, ապա խայտառակ պարտություն կրեցին Ադրբեջանի թիմից` 0:7: Երրորդ մրցավեճում տանուլ տալով Ղազախստանի հավաքականին` 2:5, մեր ընտրանին վերջնական դուրս մնաց մրցանակային տեղի համար պայքարից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին երկու խաղարկություններում (2009, 2010 թթ) զբաղեցրել էր 3-րդ մրցանակային տեղերը:
Մեր խմբում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը, որը առավելության հասավ իր բոլոր մրցակիցների նկատմամբ եւ զբաղեցրեց առաջին տեղը: Եզրափակիչում ռուս ըմբիշները կհանդիպեն մյուս խմբի հաղթողի հետ: Առաջին տեղին հավակնում են Իրանի եւ Բելառուսի հավաքականները:
Բռնցքամարտիկները նույնպես մեդալ չնվաճեցին
Հայաստանի բռնցքամարտիկները անհաջող հանդես եկան Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում ավարտված «Ստրանջայի գավաթ» անվանումը կրող միջազգային մրցաշարում:
52 կգ քաշային Կարեն Այլազյանը 1/4 եզրափակիչում պարտվեց կուբացի Ռոբեյս Ռամիրեսին` 0:8, իսկ Նարեկ Աբգարյանը` անգլիացի Տոմի Ստաբսին` 0:7:
64 կգ քաշային կարգում Վոլոդյա Հայրապետյանը տեխնիկական պարտություն կրեց ադրբեջանցի Տամերլան Աբդուլաեւից, իսկ 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը ոչ-ոքի` 2:2 ավարտեց անգլիացի Էնտոնի Օգոգոյի հետ մարտը, սակայն եզրային մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին: