Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 24.11.
A A
Սպորտ

Քաթար-2022, հինգերորդ օր. լուրջ փորձություն Բրազիլիայի համար

 

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 1-ին տուրի վերջին չորս հանդիպումները:

 

Շվեյցարիա – Կամերուն

Խաղի սկիզբը՝ 14:00

Շվեյցարիայի հավաքականն անհաջող է հանդես գալիս ընթացիկ տարում և արդեն հինգ պարտություն է կրել 9 խաղում: Վերջին ընկերական խաղում շվեյցարացիները 0:2 հաշվով պարտվել են հենց Աֆրիկայի ներկայացուցչին՝ Գանային:

Կամերունի ընտրանին նույնպես վատ է պատրաստվել առաջնությանը և ստուգողական չորս խաղերում չի կարողացել հաղթել իր մրցակիցներին: Սակայն, «Անսանձ առյուծները» կերպարանափոխվում են, երբ ներկայանում են պաշտոնական հանդիպումներին:

 

Ուրուգվայ – Կորեա

Խաղի սկիզբը՝ 17:00

Հարավամերիկացիներն այս տարի անցկացրած 9 խաղում կրել են մեկ պարտություն, այն էլ Իրանի հետ ընկերական մրցավեճում՝ 0:1: Իսկ ահա 7 խաղում նրանք հաղթել են իրենց մրցակիցներին, որից 6-ում անառիկ են պահել սեփական դարպասը:

Կորեայի հավաքականը ընկերական խաղերում նույնպես մեկ պարտություն է կրել, սակայն աշխարհի առաջնության թիվ մեկ ֆավորիտ Բրազիլիայից՝ 1:5: Մնացած դեպքերում թիմն ավելի շատ հաղթել է իր մրցակիցներին, քան՝ զիջել: Կորեացիները միշտ էլ բարդ մրցակից են եղել բոլոր թիմերի համար:

 

Պորտուգալիա – Գանա

Խաղի սկիզբը՝ 20:00   

Պորտուգալիայի հավաքականն այս տարի անկայուն ֆուտբոլ է ցույց տալիս, կամ վստահ հաղթում է մրցակիցներին, կամ զիջում նվազագույն հաշվով: Միակ ոչ-ոքին պորտուգալացիները արել են իսպանացիների հետ՝ 1:1:

Գանայի հավաքականը լավ է պատրաստվել աշխարհի առաջնությանը և ընկերական վերջին երկու խաղերում հաղթանակ է տարել, այդ թվում մրցաշարի մասնակից Շվեյցարիայի նկատմամբ՝ 2:0: Սակայն, տարվա ընթացքում աֆրիկյան թիմը հասցրել է կրել 7 պարտություն, ինչը խոսում է անկայունության մասին:

 

Բրազիլիա – Սերբիա

Խաղի սկիզբը՝ 23:00

Բրազիլիայի հավաքականը տրամաբանորեն հանդիսանում է առաջնության գլխավոր ֆավորտը, քանի որ վերջին 7 հանդիպումներում հաղթել է իր մրցակիցներին, ընդ որում վեցում դա արել է խոշոր հաշվով: Բրազիլացիներին լրջորեն դիմակայել է միայն Ճապոնիայի հավաքականը՝ 0:1, որն աշխարհի առաջնության առաջին խաղում հաղթել է Գերմանիայի թիմին:

Սերբիայի ընտրանին իր վիճակագրությամբ շատ քիչ է զիջում բրազիլացիներին: Վերջին 6 խաղում սերբերը 5 անգամ հաղթել են, այդ թվում երեքը խոշոր հաշվով:

Ի դեպ, աշխարհի նախորդ առաջնությունում երկու երկները հանդիպել էին իրար հետ: Խաղն ավարտվել է Բրազիլիայի հաղթանակով՝ 2:0: