Ինչ կբերի մեզ Մինսկի մրցագորգը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 19-20-ը Մինսկում կմասնակցի աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը:
Պատվավոր մրցանակի համար կպայքարեն 10 երկրների` Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ղազախստանի, Կուբայի եւ Բելառուսի ազգային թիմերը:
Ներկայումս Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է Բելառուսի մայրաքաղաքում եւ անմիջականորեն պատրաստվում է խաղարկությանը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մրցաշարին մասնակցելու համար թիմ է հրավիրել 11 ըմբիշ. Արմեն Չոմարյան, Նարեկ Խաչատրյան (55 կգ քաշային կարգ), Արթուր Մկրտչյան, Արտակ Հարությունյան (60 կգ), Հովհաննես Վարդերեսյան, Արամ Ջուլֆալակյան (66 կգ), Վարշամ Բորանյան (74 կգ), Տիգրան Սահակյան, Հրաչիկ Հովհաննիսյան (84 կգ), Սարգիս Տոնոյան (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (+100 կգ): Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումներում հավաքականները յուրաքանչյուր քաշային կարգում կարող են հայտավորել մեկական ըմբիշ:
Հիշեցնենք, որ անցած տարվա աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի էր ունեցել Երեւանում, որտեղ հաղթել էր Իրանի ընտրանին: Մեր հավաքականը վերջին երկու խաղարկություններում (2009, 2010 թթ) զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: