Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 3 (1)
A A
Սպորտ

Կատար-2022, մրցումային 2-րդ օր. ֆավորիտները ընդդեմ հետնապահների

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային 3-րդ օրը նախատեսված է 4 հանդիպում:

 

Արգենտինա – Սաուդյան Արաբիա

Խաղի սկիզբը՝ 14:00

Արգենտինան հարավամերիկյան միակ թիմն է, որը 2002թ աշխարհի առաջնությունից հետո հասել է եզրափակիչ: Ճիշտ է, 2014թ Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչում արգենտինացիները պարտվել են Գերմանիային՝0:1: Թիմի աստղ Լիոնել Մեսին այս անգամ ավելի մարտական է տրամադրված և մտադիր է հասնել իր վերջին բաղձալի նպատակին՝ հաղթել աշխարհի առաջնությունում: Արգենտինացիներն այս տարի անցկացրած 9 խաղում տարել են 8 հաղթանակ, և միայն Էկվադորի դաշտում են ոչ-ոքի խաղացել:

 

Սաուդյան Արաբիան 2022թ անկայուն է հանդես գալիս: Հարավամերիկյան թիմերի հետ անցկացրած ընկերական երկու խաղերում պարտություն է կրել միևնույն 0:1 հաշվով: «Անապատի արծիվներն» բավական լավ են պաշտպանվում: Նրանք այս տարի միայն Ճապոնիայի հավաքականից են մեկից ավելի գոլ բաց թողել՝ 0:2:

 

 

Դանիա – Թունիս

Խաղի սկիզբը՝ 17:00

Դանիացիները բավական լուրջ մրցակից են բոլորի համար, քանի որ այս տարի երկու անգամ հաղթել են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային Ազգերի լիգայի շրջանակում: Նրանք այդ մրցաշարում տարել են չորս հաղթանակ և կրել երկու պարտություն՝ զիջելով միայն Խորվաթիային: Թիմը բավականին բալանսավորված է և կարող դիմակայել ցանկացած ֆավորիտին: 

 

Թունիսի հավաքականն աշխարհի առաջնություն է մտել ի հաշիվ մրցակցի՝ Մալիի հավաքականին խփած միակ ինքնագոլի հաշվին: Թիմն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն այս տարի եվրոպական միակ թիմի հետ խաղում 2:0 հաշվով հաղթել է Չեխիային: Դանիացիները պետք է զգուշանան մրցակցի հակագրոհներից, որոնք շատ արագ ու կազմակերպված են լինում:

 

 

Մեքսիկա – Լեհաստան

Խաղի սկիզբը՝ 20:00

Կարելի է համարել օրվա կենտրոնական հանդիպումը: Երկու թիմերի համար արդյունքը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ իրենց խմբի ֆավորիտը միանշանակ Արգենտինայի հավաքականն է: Մեքսիկացիներն այս տարի անցկացրած 7 ընկերական խաղերում կրել են երեք պարտություն, ինչը վկայում է անկայունության մասին: Թիմը դժվարությամբ է գրավում մրցակիցների դարպասը:

 

Լեհաստանի ընտրանին նույնպես անկայուն է հանդես գալիս 2022 թվականին. հաղթանակներին հետևում են պարտություններ: Ազգերի լիգայի վերջին երկու խաղերում լեհերը հաղթել են նվազագույն 1:0 հաշվով: Նրանք երեք անընդմեջ հաղթանակ շատ հազվադեպ են տոնում:

 

 

Ֆրանսիա –Ավստրալիա

Խաղի սկիզբը՝ 23:00

Աշխարհի գործող չեմպիոնն այս տարի անհաջող է խաղում պաշտոնական մրցումներում: Ազգերի լիգայում ֆրանսիացիները տարել են ընդամենը մեկ հաղթանակ 6 հնարավորից: Թիմը սկսել է քիչ գոլ խփել: Այդ խնդիրը կարող է խորանա նաև Կատարում, քանի որ հավաքականի ամենափորձառու  հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածք է ստացել և չի կարող մասնակցել աշխարհի առաջնությանը:

 

Ավստրալացիները բարձր տրամադրությամբ են ներկայացել առաջնությանը, քանի որ վերջին հինգ խաղերում հաղթել են մրցակիցներին, իհարկե, այդ հանդիպումներում ամենալուրջ հակառակորդը եղել է Պերուի ընտրանին, որը անցումային խաղում զիջել է լրացուցիչ ժամանակում: Ավստրալիայի հավաքականը «ամուր կաղին» է հանդիսանում, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը հանդես են գալիս անգլիական թիմերում, որտեղ պայքարում են մինչև վերջին րոպեն ու պահը: