Բացել լրահոսը Փակել լրահոսը
1097796
A A
Հասարակություն

«Ռոսատոմ»-ի տնօրենը վստահ է՝ «Ատոմէքսպո 2022»-ը կարևոր քայլ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար

Ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն  Ալեքսեյ Լիխաչովը «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովը կարևոր քայլ է համարում՝ աշխարհում ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սոչիից՝ Լիխաչովը նման տեսակետ հայտնեց Սոչիում մեկնարկած համաժողովի շրջանակում:

 

«3.5  տարի է անցել  «Ատոմէքսպո»-ի նախորդ համաժողովից, և դրանք ոչ հեշտ 3.5 տարիներ էին մեր մոլորակի համար: Բայց մենք միասին հաղթահարել ենք համավարակը, գլոբալ լոգիստիկ շղթաների փլուզումը, մատակարարման շղթաների խաթարումը: Բայց կա նաև լավ նորություն՝ այս ամբողջ 3 տարիների  ընթացքում ատոմային էներգետիկան ակտիվորեն զարգացել է, ընդլայնվել է ատոմային ընտանիքը, ընդլայնվել է ատոմային էներգիայի ենթակառուցվածքները թիվը մեր մոլորակում: Ես վստահ եմ, որ մեր ֆորումը, մեր այսօրվա խոսակցությունը կարևոր քայլ կլինի՝ ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար»,-ասաց Լիխաչովը:

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա նաև մարդկության համար՝ խաղաղ նպատակով ատոմային էներգիայի զարգացման առումով:

 

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովն էլ հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ աշխարհի բնակչությունը հասել է 8 մլրդի: «Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ մարդկությանը պետք է ավելի շատ էներգիա, ավելի շատ մաքուր էներգիա՝ հասնելու «Net Zero-ին մինչև 2050 թվական» (հեղ.-նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները՝ հնարավորինս մոտ 0-ի),-ասաց Չուդակովը:

 

Նա հիշեցրեց, որ ՄԱԳԱՏԷ-ն ուղիղ մեկ ամիս առաջ ասուլիսում հայտնել էր, որ ռեկորդային թվով՝ ավելի քան 70 երկրներ ցանկություն են հայտնել զարգացնել ատոմային էներգիան իրենց էներգետիկ հաշվեկշռում:

«Ատոմէքսպո» համաժողովը կազմակերպվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախաձեռնությամբ: «Ատոմէքսպո»-ն խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ է, որում քննարկվում են ատոմային ոլորտի ներկա վիճակը և հետագա զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում է 2009 թվականից: «Ատոմէքսպո»-ին մասնակցում են ոլորտի խոշորագույն, առանցքային կազմակերպություններ, պետական կառույցներ, միջազգային կազմակերպություններ և առաջատար փորձագետներ: «Ատոմէքսպո 2022»-ին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: