Դուրս մնացին հետագա պայքարից
Հայաստանի շախմատիստները անհաջող հանդես եկան կայծակնային շախմատի 2011 թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում եւ չհաջողվեց եզրափակիչի ուղեգրեր նվաճել:
Մոսկվայում կայացած մրցումներում դրա համար հարկավոր էր 194 մասնակիցների մեջ զբաղեցնել 1-6-րդ տեղերը: Ավաղ, մեր 9 շախմատիստները թույլ հանդես եկան եւ դուրս մնացին հետագա պայքարից: Տիգրան Լ. Պետրոսյանը 18 հնարավորից վաստակեց 11,5 միավոր եւ զբաղեցրեց 24-րդ տեղը: Նա ընդամենը 1,5 միավորով ետ մնաց 6-րդ տեղը գրաված ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովից:
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 10 միավորով մրցաշարն ավարտեց 59-րդ հորիզոնականում, իսկ ահա Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Շահինյանը եւ Սուրեն Պողոսյանը տեղեր գրավեցին 2-րդ հարյուրակում:
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը, ֆիլիպինցի Վեսլի Սոն եւ ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինը, Եվգենի Տոմաշեւսկին եւ Նիկիտա Վիտյուգովը: