Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kosovo 16.11.
A A
Սպորտ

Կոսովո – Հայաստան․ հանդիպում Եվրոպայի ամենահանելուկային թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքական այսօր Պրիշտինայում կհանդիպի Կոսովոյի հավաքականի հետ։ Սա երկու հավաքականների առաջին խաղն է։

Կոսովոյի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի ամենաառեղծվածային թիմերից մեկն է։ Այն հիմնվել է 1993 թվականին, երբ կազմալուծվել է նախկին Հարավսլավիան։ Սակայն, նույն տարում Ալբանիայի հետ ընկերական խաղ անցկացնելուց հետո (1:3), այն երկար ժամանակ դադարեցրել է իր գործունեությունը։

Կոսովոյի ընտրանին միջազգային հանդիպումները նորից վերսկսել է 2002 թվականին, բայց մեկ տարի անց դարձյալ դադար է վերցրել, քանի որ դրանք կրել են ոչ պաշտոնական բնույթ։ 2016 թվականին ՖԻՖԱ-ի անդամ դառնալուց հետո նոր կոսովցիները սկսել են մասնակցել պաշտոնական մրցաշարերին։

Չնայած կարճատև պատմությանը, Կոսովոյի հավաքականն արդեն հասցրել է մեկ անգամ «աղմուկ բարձրացնել»։ Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական մրցաշարում կոսովցի ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի ղեկավարությամբ իրենց խմբում զբաղեցնել են 3-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու անցումային խաղերին։ Սակայն, փլեյ-օֆֆի առաջին խաղում Կոսովոյի ընտրանին հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային և դուրս մնացել պայքարից։ Հյուսիսմակեդոնացիները հետո հաղթել են Վրաստանին և մտել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ։

2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլում կոսովցիներն իրենց խմբում զբաղեցրել են վերջին՝ 5-րդ տեղը, որի համար Բեռնար Շալանդը հեռացվել է իր պաշտոնից։ Այս տարվա սկզբին նրան փոխարինել է ֆրանսիացի մասնագետ Ալան Ժիրեսը։ Վերջինիս գլխավորությամբ «բալկանների դարտանյանները», ինչպես անվանում են տեղի երկրպագուներն իրենց ֆուտբոլիստներին, ՈՒԵՖԱ-ի Ազգելի լիգայի C գոտու մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ հետ մնալով միայն Հունաստանի հավաքականից։

Ի դեպ, Կոսովոյի հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 27-ին։ Ազգերի լիգայի վերջին տուրի խաղում Ալան Ժիրեսի սաները սեփական դաշտում 5։1 հաշվով ջախջախել են Կիպրոսի ընտրանուն։ Ուստի, զարմանալի չէ, որ բուքմեյքերները Կոսովո – Հայաստան խաղի ֆավորիտ են համարում հենց դաշտի տերերին, քանի որ մեր ընտրանին իր վերջին հանդիպումներում պարտություններ է կրել։