Բացել լրահոսը Փակել լրահոսը
քք
A A
Քաղաքականություն

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող բանաձևի վերաբերյալ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող բանաձևի վերաբերյալ
 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։
 
Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։
 
Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։
 
Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։
 
Նման բովանդակությամբ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։