15 տարի առաջ եմ եկել Հայաստան, որպես զբոսաշրջիկ, hիմա եկել եմ նվագախումբ ղեկավարելու. Շառլ Դյութուա
Աջակցիր «Ա1+»-ին«Երբ չգիտես, թե մեկ օր, կամ, նույնիսկ, մեկ ժամ հետո ինչ է լինելու, դժվար է ծրագրել, պլանավորել։ Սակայն առանց մշակույթի մարդն ապրել չի կարող։ Մարդը կենցաղի համար չի ծնվել։ Մարդկությունն ինչքան կապրի, ամենակոլապսային վիճակում անգամ, առանց մշակույթի չի կարող ապրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։
Հանդիպման առիթը՝ վաղվա համերգն էր։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի համերգաշարի շրջանակում վաղը՝նոյեմբերի 8-ին ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ համերգը կղեկավարի Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Շառլ Դյութուան։ Ծրագրում հնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան։
Ստեփան Ռոստոմյանի խոսքով, աշխարհի ցակացած նվագախմբի համար մեծ պատիվ է Դյութուայի և Լուգանսկու նման բարձրակարգ երաժիշտների հետ աշխատելը և երկար տարիներ ցանկացել են նրանց հրավիրել Հայաստան:
«15 տարի առաջ եմ եկել Հայաստան, սակայն որպես զբոսաշրջիկ։ Հիմա եկել եմ նվագախումբ ղեկավարելու»,- ասում է Շառլ Դյութուան: Նրա խոսքով, ամեն ինչ սքանչելի է՝ գեղեցիկ քաղաք, ժպտադեմ ու երջանիկ մարդիկ, հրաշալի նվագախումբ և ֆանտաստիկ դաշնակահար։ Նիկոլայ Լուգանսկիի հետ, հաճախ են հանդես եկել, սակայն համավարակի պատճառով երկու տարի չեն հանդիպել:
Արդյո՞ք բավարար է դիրիժորի համար ցանկալի որակն ապահովելու երկու-երեք փորձը նվագախմբի հետ, հարցին, Դյութուան պատասխանում է․«Նվագախմբերը տարբեր են լինում, իրենց թե տեխնկակական պատրաստվածությամբ, թե երաժշտացանկով։ Այս նվագախումբը հրաշալի պատրաստվածություն ունի և դասական նվագախումբ է»։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին իր
խոսքում հիշեց համաշխարհային երաժշտարվեստում հայ կոմպոզիտորներին ու մենակատարներին։ «Արամ Խաչատրյանն իմ սիրած կոմպոզիտորներից է։ Չեմ կարող չհիշել Բաբաջանյանին, Տերտերյանին։ Ասեմ նաև, որ սիրով համագործակցում եմ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և ֆանտաստիկ դաշնակահար Սերգեյ Բաբայանի հետ»,- նշեց Լուգանսկին:
Ի դեպ, հանդիպման ժամանակ Ստեփան Ռոստոմյանը հայտնեց, որ գարնանը կբացվի Բյուրականի ակադեմիայի մեծ դահլիճը և շատ համերգներ կանցկացվեն այնտեղ։