Բացել լրահոսը Փակել լրահոսը
56546
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետի հետ քննարկել է հայ-շվեդական համագործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին՝ հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար:

Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է Շվեդիայում հայկական դեսպանության և հայաստանյան գործընկերների հետ տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համահայկական օրակարգային խնդիրներին և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով շվեդական փորձի կիրառմանը Հայաստանում, էներգետիկ անկախության ապահովման մեխանիզմներին:

Արին Կարապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեության մի շարք ասպեկտներ և հնարավոր նախաձեռնություններ երկկողմ առարկայական ծրագրերի շուրջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը: