Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

Եվրոպայի ֆուտբոլի լիգաներից միանգամից դուրս են մնացել 11 երկրների թիմեր

Ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայում կայացան խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները:

Ամենամեծ անակնկալը մատուցեց «Ֆեյենոորդը», որը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին» և վաստակած 8 միավորով հավասարվեց հենց իր մրցակցին: Լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ մտան նիդեռլանդցի ֆուտբոլիստները:

Նույն F խմբում դանիական «Միտյուլանդը» իր հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց ավստրիական «Շտուրմին»: Երկու թիմերը նույնպես վաստակեցին 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով փլեյ-օֆֆ մտավ դանիական ակումբը:

Վերջին խաղում 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև ֆրանսիական «Նանտը», որը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին» և վաստակած միավորներով առաջ անցավ 2-րդ տեղում գտնվող ադրբեջանական «Քարաբաղից»: Վերջինս ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում:

Կոնֆերենցիաների լիգայում ամենամեծ անակնկալը գերմանական «Քյոլնի» ձախողումն էր: Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանի թիմը սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Նիսի» հետ՝ 2:2, և արդյունքում մեկ միավորով հետ մնաց ֆրանսիական ակումբից և ավարտեց ելույթները:

Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամի՝ Անդրե Չալըշըրի թիմը, դանիական «Սիլկեբորգը», սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց բելգիական «Անդերլեխթին» և երկրորդ տեղը զիջեց հենց իր մրցակցին: Իսկ ահա մեր ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի թիմը՝ Բրատիսլավայի «Սլովանը», վերջին խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց լիտվական «Ժալգիրիսին» և իր խմբում գրավեց 1-ին տեղը: Սլովակյան ակումբը պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչ փուլից:

Նշենք, որ եվրոպական ֆուտբոլի ակումբային երեք լիգաների խմբային փուլի ավարտից հետո միանգամից 11 երկրներ կորցրին իրենց ներկայացուցիչներին: Դրանք են Շոտլանդիան, Չեխիան, Խորվաթիան, Հունաստանը, Կոսովոն, Լատվիան, Լիտվան, Հայաստանը, Ֆինլանդիան, Լինխտենշտեյնը և Իռլանդիան:

Թոփ 5 երկրներից առայժմ կորուստ չունի Անգլիան, որի 7 ակումբները շարունակում են պայքարը գավաթների համար: Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Ֆրանսիայից դուրս են մնացել մեկական թիմ:

Նշենք, որ ամենացածր վարկանիշ ունեցող երկրներից փլեյ-օֆֆում մասնակիցներ ունեն Մոլդովան ու Ադրբեջանը: