Այդ հարցում կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման գործընթացի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ԵՄ երկրների հետ վիզաների դյուրացման երկխոսության համատեքստում կարող է որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ վիզաների դյուրացման երկխոսության վերաբերյալ հարցին:
Փոխնախարարը նշեց, որ այդ հարցը քննարկել են, ներկայացրել իրավիճակը, խնդիրները:
«Այս հարցը մնում է մեր օրակարգում: Դա վերջին անգամ քննարկվել էր համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում: Վերջերս նաև իմ աշխատանքային հանդիպումների ընթացքում կար այսպիսի պատրաստակամություն՝ առաջ քաշել այս հարցը: Իրավիճակը շարունակում է մնալ ոչ շատ դյուրին: Բայց, իմ կարծիքով, այդ հարցում կարող ենք ունենալ որոշակի առաջընթաց գալիք տարվա ընթացքում»,-ասաց Հովհաննիսյանը: