Բացել լրահոսը Փակել լրահոսը
312532406_10159092241411408_2053370892361643709_n
A A
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ պատգամավորների այցը Հայաստան տեղի է ունենում հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ և անվտանգային հարցեր։ Նորին Սրբությունը կարևորեց նման այցելությունները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու ու զորացնելու փոխգործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ միտված առկա մարտահրավերների հաղթահարմանը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Հայոց Հայրապետը ցավով արձանագրեց, որ հայկական կողմն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ։ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտման և կանխման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության աջակցությունը՝ հույս հայտնելով, որ բարեկամ երկրները, միջազգային կառույցները, այդ թվում նաև Եվրոպայի Խորհուրդը, հստակ կեցվածք կարտահայտեն ու քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման, Արցախի ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքի ապահովման, առ այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման ուղղությամբ։

ԵԽ պատգամավորներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին զորակցելու հիշյալ խնդիրների բարձրաձայնման և հաղթահարման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին։