Բացել լրահոսը Փակել լրահոսը
312345406_531815842288184_1867350250713830768_n
A A
Քաղաքականություն

Լիահույս ենք` Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը. Արցախի ԱԺ նախագահ

«Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը»,
ԱՀ Ազգային ժողովի նախագահի ելույթ- ուղերձը արտահերթ նիստում:
 
Ելույթն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.
«Արցախը հայկական պահելու, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնող հանրահավաքի ամենակրտսեր սիրելի´ մասնակից, ամենատարե´ց մասնակից, արցախցի´: Սա Քո հանրահավաքն է, և նրա կազմակերպիչը Դու ես:
 
Սիրելի´ հայրենակից,
 
Եթե Դու այս պահին տանն ես, ապա շտապիր Քո տեղը զբաղեցնել Վերածննդի հրապարակում՝ Քո խաղաղասեր խրամատում: Սա նաև Քո հանրահավաքն է ու նախաձեռնողներից, կազմակերպիչներից մեկն ես:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին, աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին՝ այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում,բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը:
 
Հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաև Արցախում: Դիմում եմ ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին, և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:
 
Այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Այսօր է, որ առավել քան երբևէ հայ ժողովուրդը պետք է շարունակի գործել միասնական, միակամ ու միաբան:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական, իրավական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել։
 
Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ուժերը:
Հավատացած ենք, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։
Հավաստիացնում եմ, որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։
Ինչպես Արցախի Հանրապետության նախագահն է նախօրեին հայտարարել՝ «պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ դնում Արցախի գոյությունը»:
Մենք պետք է տեր կանգնենք 1991թ․ սեպտեմբերի 2-ին՝ Հանրապետության հռչակման օրվան, 1991թ․ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին և 1992թ․ հունվարի 6-ի Անկախության հռչակագրին։
 
Լիահույս ենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Այսօր համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն Հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը և խաղաղությունը ամրապնդելուն:
Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:
Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք արցախյան գոյապայքարի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը»: