Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԴԿ
A A
Քաղաքականություն

ՀԴԿ-ն համակարծիք է Արցախի Աժ որոշման հիմնադրույթին․ հայտարարություն

Հայտարարություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիակատար աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության խորհրդարանի հոկտեմբերի 30-ին ընդունված որոշմանը, որը հրապարակվեց ի լուր համայն աշխարհի և հայության Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Համոզված ենք՝ Արցախի և Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և արդյունավետ ընթացքը կախված է մեր բոլորի հավաքական կամքից ու վճռականությունից, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր անձնական պատասխանատվությունը արցախահայությանը ցեղասպանությունից, տեղահանումից և հայրենազրկումից պաշտպանելու մշտակա գործում: Հայաստանում, Արցախում, սփյուռքում ապրող և գործող յուրաքանչյուր հայ պետք է իրազեկվի և իր ներդրումն ունենա արցախահայության պայքարի այս նոր հանգրվանի հաղթական հանգուցալուծման շրջափուլում: Արցախի անկախությունը կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, այն ունի նախադեպային կարգավորումների հիմք, ուստի մենք միջազգային բոլոր ատյաններում ունենք արհեստավարժ գործելու իրական երաշխիքներ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համակարծիք է Արցախի Աժ որոշման հիմնադրույթին՝ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվելու Արցախի անվտանգության երաշխավորը լինելու ազգային-պետական առաքելությունից և չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ կասկածի տակ են դրված Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգ ապագան: Այս հիմնադրույթներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում և օրենքի ուժով ամրագրված որոշումներում: Մենք բոլորս հայկյան զարմից ենք՝ Չկա Հայաստան առանց Արցախ, և չկա Արցախ առանց Հայաստան:

 

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

30.10.2022