Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք այլ ճանապարհ չունենք․ Արցախի նախագահ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով:

Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ երկրի ղեկավարը կարևորել է համայն հայության համար նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը, նշելով, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:

«Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Խոսելով ազգային շահերի պաշտպանության ու համահայկական համախմբման անհրաժեշտության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ արցախահայությունն, ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարևոր հատվածը պահպանելու և զարգացնելու գործում, վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում: «Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին», - իր ելույթում ընդգծել է նախագահ Հարությունյանը: