
Հոկտեմբերի 28–ը՝ ձյուդոյի համաշխարհային օր
Աջակցիր «Ա1+»-ինՄարզական օրացույցով հոկտեմբերի 28–ը նշվում է որպես ձյուդոյի համաշխարհային օր:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, հոկտեմբերի 28-ը պատահական չէ ընտրված, քանի որ այդ օրը ծնվել է ձյուդոյի հիմնադիր, ճապոնացի Ձիգորո Կանոն։ Նա ձյուդո հասկացությունը մեկնաբանել է որպես ճիշտ, ճկուն և փափուկ ճանապարհ։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1951թ, որի առաջին նախագահ է ընտրվել մարզաձևի հիմնադրի որդին՝ Ռիսեյը։ Այս մարզաձևի նորամուտը օլիմպիական խաղերում տեղի է ունեցել 1964թ, Ճապոնիայի մայյրաքաղաք Տոկիոյում։
Ձյուդոն Հայաստան է մուտք գործել 1960-ականների վերջերին։ Առաջին մրցաշարը տեղի է ունեցել 1968–ին։ Ձյուդոն առավել սիրված է եղել Լենինականում (ներկայիս Գյումրի)։ Հենց տեղի մարզիկ Պավլիկ Սարգսյանը 1968թ․ ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Հաջորդ մրցաշրջանում նրա համաքաղաքացի Արամ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
Համամիութենական ստուգատեսներից հայաստանցի ձյուդոյիստներից առաջինը մեդալով տուն է վերադարձել երևանցի Գագիկ Աղամալյանը։ Նա 1975թ․ Քիշնևում անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադայում կանգնել է պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին։ Խորհրդային Միության հայաստանցի առաջին և միակ չեմպիոնը երևանցի Հարություն Հարությունյանն է։
Անկախ Հայաստանի ձյուդոյիստներից Եվրոպայի առաջին չեմպիոնը հրազդանցի Արմեն Նազարյանն է, իսկ աշխարհի առաջնության միակ մեդալակիրը՝ գյումրեցի Հովհաննես Դավթյանը (3-րդ տեղ), որն այժմ գլխավորում է Հայաստանի մեծահասակների հավաքականը։ Գործող ձյուդոիստներից առավել ճանաչում ունի «Հին աշխարհի» ոսկե դափնեկիր Ֆերդինանդ Կարապետյանը։