Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 28.10.
A A
Սպորտ

«Փյունիկը» եվրոգավաթներում շարունակում է պայքարը 1-ին տեղի համար

Երեկ կայացան ֆուտբոլի եվրոպական լիգաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի հերթական խաղում ցավալի պարտություն կրեց Բրատիսլավայի «Սլովանից», քանի որ առաջինը բացեց հաշիվը, սակայն խաղավերջում երկու րոպեի ընթացքում երկու գոլ բաց թողեց: Այդ սայթաքումից հետո մեր թիմն 6 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Աղյուսակը 8-ական միավորով գլխավորում են «Սլովանն» ու շվեյցարական «Բազելը», որն այս տուրում ոչ-ոքի է խաղացել «Ժալգիրիսի» հետ:

Դա նշանակում է, որ «Փյունիկն» ոչ միայն շարունակում է պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրի համար, այլև հանգամանքների բերումով կարող է գրավել անգամ 1-ին տեղը, որը միանգամից տալիս է 1/8 եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Բանն այն է, որ փյունիկցիները վերջին՝ 6-րդ տուրում, ընդունլու են «Բազելին»: Այդ խաղը կկայանա նոյեմբերի 3-ին:

Ինչ վերաբերում է մնացած հանդիպումներին, ապա ամենամեծ անակնկալը գրանցվեց Էյնդհովենում, որտեղ տեղի ՊՍՎ-ն Եվրոպայի լիգայի շրջանակում 2:0 հաշվով հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայիս առաջատար Լոնդոնի «Արսենալին»: Հարկ է նշել, որ երկու թիմերն էլ ժամանակից շուտ նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր:

ՈՒԵՖԱ-ի գավաթի համար պայքարը կշարունակեն նաև թուրքական «Ֆեներբախչեն», ֆրանսիական «Ռենը», իսպանական «Բետիսը», «Ռեալ Սոսիեդատը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», բելգիական «Ռոյալ Ունիոնը», գերմանական «Ֆրայբուրգը», հունգարական «Ֆերենցվարոշը»: Փլեյ-օֆֆի մնացած 6 ուղեգրերի համար կպայքարեն 13 թիմեր:

Կոնֆերենցիաների լիգայում խմբային փուլի արգելքը ժամանակից շուտ հաղթահարել են առայժմ 7 ակումբներ: Հատկապես անսպասելի է թուրքական երկու թիմերի՝ «Բաշակշեհիրի» և «Սիվասպորի» հաջողությունները, որոնք իրենց խմբերում զբաղեցնում են 1-ին հորիզոնականները՝ առաջ անցնելով իտալական «Ֆիորենտինայից», շոտլանդական «Հարթսից», Ռումինիայի չեմպիոն «Կլուժից», չեխական «Սլավիայից»:

Այս լիգայում ամենամեծ անակնկալը գանցվեց «Վիլյառեալ» - «Հապոել» (Բեեր-Շևա) խաղում, որտեղ իսպանական թիմն ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը և կորցրեց առաջին երկու միավորները:

Այսօր պետք է կայանա «Սլովացկո» - «Քյոլն» հետաձգված խաղը, որին հայտավորված է նաև գերմանական թիմի հայ ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը: Նրանց հաղթողը կշարունակի պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրի համար:

Երկու լիգաների վերջին՝ 6-րդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 3-ին: