Բացել լրահոսը Փակել լրահոսը
16667945137837
A A
Պաշտոնական

Մակեդոնիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կրում Եֆրեմովին՝ (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել իր պատասխանատու պաշտոնում՝ կարևորելով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինս, լինելով Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպանը, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Եֆրեմովը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին: 

Պարույր Հովհաննիսյանը դեսպան Եֆրեմովին է ներկայացրել նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։