Բացել լրահոսը Փակել լրահոսը
Garib-Aliev
A A
Քաղաքականություն

«Պատրաստ ենք խորհրդակցությունների Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով»․ Ալիևը՝ Ղարիբաշվիլիին․ jnews.ge

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով:

«Այսօր մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև խորհրդակցությունների վերաբերյալ։ Եթե Հայաստանը համաձայնի, ուրեմն մենք նույնպես պատրաստ ենք դրան»,- ասել է Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն։

Նա նշել է, որ «եթե փաստաթուղթը ստորագրվի, ապա տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի և համագործակցության տարածք կհայտնվի»։

«Մենք հայկական կողմին արդեն ծանոթացրել ենք հակամարտության կարգավորման հինգ հիմնական սկզբունքին, հուսով ենք, որ Հայաստանը կսկսի բանակցությունները և կստորագրի խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ ասել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանման համար առաջադրված «Հարևանության խաղաղության նախաձեռնությունը» չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում իրենք անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը։

«Ես ցանկանում եմ կրկնել, որ Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու և աջակցելու խաղաղության քաղաքականությանը, որը սկսել ենք միասին։ Ուզում եմ նաեւ նշել, որ խաղաղ հարևանության հիշյալ նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, հակառակը, օգնում է: Ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։