Բացել լրահոսը Փակել լրահոսը
աաաաաաաաաաաաաաժ
A A
Քաղաքականություն

Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները. ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո եւս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»: Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին, այդ թվում` բազմաթիվ կոնգրեսականների` վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերիների համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին եւ Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին:

Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները:

 

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում: Նա կարեւորել է մեր երկրի համար ծանրագույն շրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսությանը եւ խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին շատ կարեւոր է: Նա ընդգծել է, որ այս այցը կարեւորագույն նշանակություն ունի համագործակցության այս ձեւաչափի շարունակականության համար:

Հայկական կողմը բարձր է գնահատել նաեւ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքը, այդ թվում` Հայաստանին աջակցելու ծրագրերում, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, առեւտրային նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են օրենսդիր-գործադիր հարաբերությունները, խորհրդարանական ընդդիմությանը, որոշումների կայացման մեխանիզմներին առնչվող հարցեր: