Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga (1)
A A
Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի բոլոր թիմերը պայքարում են փլեյ-օֆֆ մտնելու համար, Եվրոպայի լիգայինը` ոչ

Ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգաների 4-րդ տուրի հանդիպումներից հետո հայտնի դարձան առաջին ակումբները, որոնք ժամանակից շուտ նվաճեցին փլեյ-օֆֆում խաղալու իրավունք:

Եվրոպայի լիգայում խմբային փուլի արգելքն արդեն հաղթահարել են 5 թիմեր: Դրանք են գերմանական «Ֆրայբուրգը», իսպանական «Ռեալ Սոսիեդադն» ու «Բետիսը», ֆրանսիական «Ռենը» և թուրքական «Ֆեներբախչեն»: Իսկ ահա Շվեյցարիայի «Ցյուրիխը», Կիևի «Դինամոն», Կիպրոսի ԱԵԿ-ն ու «Օմոնիան», Շվեդիայի «Մալմյոն» արդեն զրկվել են նման հնարավորությունից:

Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆ մտնելու խնդիրը ժամանակից շուտ լուծել են ընդամենը 3 ակումբներ` Լոնդոնի «Վեսթ Հեմը», իսպանական «Վիլյառեալը», որոնք տարել են 4-ական հաղթանակ, և թուրքական «Բաշաքշեհիրը», որը 12 հնարավորից վաստակել է 10 միավոր: Մնացած ակումբները դեռևս պայքարում են հաջորդ փուլ մտնելու համար:

Վերջիններիս թվում է նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը վերջին խաղում Վիլնյուսում չնայած պարտվել է 1:2 հաշվով, սակայն վաստակած 6 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը: Մեր թիմը մեկ միավորով ետ է մնում շվեյցարական «Բազելից», սակայն մեկ միավորով առաջ է Սլովակիայի «Սլովանից», երկուսով` «Ժալգիրիսից»:

 

Առաջիկա` 5-րդ տուրում, «Փյունիկը» հյուրընկալվելու է «Սլովանին», իսկ վերջին խաղում ընդունելու «Բազելին»: