Բացել լրահոսը Փակել լրահոսը
1094831
A A
Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էմանուել Մակրոնի հայտարարությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանն օգտագործում է ԼՂ հակամարտությունը՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, բացարձակապես անընդունելի են համարում:

«Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշավոր ներկայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և խոսում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին»,-նշել է Զախարովան:

Ըստ նրա՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները խոսում են այն մասին, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու առնչությամբ Փարիզը շահագրգռված չէ, և, թե այդ հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու Ֆրանսիայի կարողությունը։

Ըստ Զախարովայի՝ ի տարբերություն Ֆրանսիայի, Ռուսաստանը գործնականում է նպաստել հակամարտության կարգավորմանը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն վճռորոշ ներդրում է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում: 

«Դրա համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել, մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։ Նրանց օգնությամբ 53 հազար փախստական վերադարձել է տուն, ավելի քան 2 հազար զոհերի դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա»,-հայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանն է սկսել աշխատանքը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։

«Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը՝ խթանելու խաղաղության օրակարգը՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի ստորագրման, հասարակությունների և փորձագետների միջև երկխոսության հաստատման ուղղությամբ: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու մեզ բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնց հետ ՌԴ-ն երկարամյա և բազմակողմանի կապեր ունի, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»,-ասել է Զախարովան: