Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Շուշիի հռչակագիրը» Թուրքիայի ագրեսիվ նկրտումների դրսեւորումն է․ Ռուստամյան (տեսանյութ)

«Մենք ականատես ենք նախկինում գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզմանը, աշխարհակարգի, որը հիմնված է ընդհանուր սկզբունքների և արժեքների հարգման վրա, հատկապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման պարտավորությունների վրա»,- ԵԽԽՎ-ում հայտարարեց Արմեն Ռուստամյանը, երբ քննարկվում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների մասին հարցը։

Ըստ նրա՝ միասին ուղիներ որոնելու փոխարեն՝ որոշ երկրներ փորձում են օգտվել դրանից՝ հրահրելով նոր առճակատումներ՝ հանուն իրենց եսասիրական նպատակի.  «Նման քաղաքականություն այսօր վարում է Թուրքիան՝ Ադրբեջանի հետ տանդեմով»։

« Թուրքիան կարծում է՝ հիմա ճիշտ ժամանակն է ստիպելու Հայաստանին գնալ այնպիսի զիջումների, որոնք նրան հնարավորություն կտան իրականացնելու իր դարավոր երազանքը՝ վերացնել հայկական խոչընդոտը Պանթուրքական  դաշինքի ստեղծման ճանապարհին»,-ասաց ՀՅԴ-ական պատգավորը ։

Նա հիշեցրեց «Շուշիի հռչակագիրը», որը 2020թ պատերազմից հետո ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքում ստորագրել են Ադրբեջանն ու Թուրքիան։

Այս հռչակագիրը, Արմեն Ռուստամյանի խոսքով, ամբողջությամբ արտացոլում է ստորագրող կողմերի ագրեսիվ մտադրությունը և հստակ սահմանում նրանց աշխարհաքաղաքական նպատակները ։

«Նման լայնածավալ մտադրություններով Թուրքիան շարունակում է կեղծավոր կերպով հայտարարել Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամության մասին,-ասաց Արմեն Ռուստամյանը,-Այո, Հայաստանը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների և չպետք է կախված լինի Ադրբեջանի հետ հարաբերություններից»։

«Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու իր դիմումում հավաստիացրել է, զրոյական խնդիրներ կունենա իր բոլոր հարևանների հետ։ Այնուամենայնիվ, մենք գիտենք  նրանց ակնկալիք արդյունքը՝ զրո  հարևաններ ու խնդիրներ չկան»,- ասաց ԵԽԽՎ-ում հայ պատվիրակը։