Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը․ սա անընդունելի է. ԵԽԽՎ զեկուցող (տեսանյութ)

Սեպտեմբերյան եռօրյա ռազմական գործողությունները առնվազն 300 մարդու մահվան պատճառ են դարձել։ ԵԽԽՎ-ում  հայ-ադրբեջանական ռազմական վերջին գործողությունների վերաբերյալ հարցով զեկուցող Պոլ Գավանը հետեւյալ թվերը հրապարակեց․  հայկական կողմից  204 հայ զինծառայող է զոհվել կամ անհետ կորել,  Ադրբեջանը հայտնել է 80 զոհվածի մասին։

«Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր բռնությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Բռնություններից ոչ մեկը չի եղել Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի մերձակայքում»,- հայտարարեց զեկուցողը։

Ավելին, նա ընդգծեց, որ  հարվածներ են եղել բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ․ «Դրանք լավ փաստագրված են:  Հարձակումներ են եղել Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա․  վնասվել է ճոպանուղին, երեք հյուրանոց, առողջարան և սրճարան: Սոթքում վնասվել է 200 տուն և քաղաքապետարանի շենքը»։

Օգտագործելով  ՀՀ պաշտոնական տվյալները՝ նա նշեց՝ ընդհանուր թիրախ են դարձել 36 քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ Գորիսը, Սիսիանը, Կապանը, Վարդենիսը, Տեղը և Գեղամասարը։ Զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 1-ը անհետ կորել է, 7-ը վիրավորվել է։

«Հատկանշական է, որ Ադրբեջանը չի հերքում իր հարձակումները, պարզապես մեղադրել է Հայաստանին քաղաքացիական և բնակելի կառույցները որպես կրակակետ օգտագործելու մեջ՝ պնդելով՝  դրանք, հետևաբար, օրինական թիրախներ են եղել։

Ես չեմ կարծում, որ սա ընդունելի պատասխան է»,- ասաց նա:

 Զեկուցողը հիշեցրեց Ադրբեջանի  հայտարարությունը, որ  այս կերպ  արձագանքել են հայկական կողմի «լայնածավալ սադրանքներին»։

«Բայց բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ երբեք ընդունելի չէ, որ մի երկիր ներխուժի մյուսի ինքնիշխան տարածք։

Կարևոր է նաև նշել, որ այս ներխուժման արդյունքում Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը։ Եվ կրկին, սա անընդունելի է»,- ասաց նա։

 Զեկուցողը նաեւ հայտնեց, որ ինքը տեսել է սարսափելի տեսանյութեր, որոնք վկայում են ադրբեջանական զինուժի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին՝ յոթ հայ զինվորների մահապատժի եւ կանանց մարմինների պղծման սարսափելի պատկերներ։

«Ես տեսել եմ այս տեսանյութերը, և դրանք իսկապես սարսափելի են իրենց բովանդակությամբ, և իսկապես դրանք կարող են լինել ռազմական հանցագործությունների ապացույցներ»,- հայտնեց նա։

 Ադրբեջանը մեղադրանքներ է ներկայացրել Հայաաստանի, օրինակ՝ Աղդամի ավերման մասով, բայց «դրանք ոչ մի կերպ չեն արդարացնում Ադրբեջանի այս վերջին ներխուժումը»:

«Այժմ հրատապ անհրաժեշտությունն այն է, որ երկու կողմերն էլ առանց հետագա ձգձգումների նորից մասնակցեն խաղաղ բանակցություններին։

Մենք պետք է տեսնենք շատ ավելի մեծ ջանքեր միջազգային հանրության կողմից, որպեսզի դա տեղի ունենա»,- ասաց Պոլ Գավանը:

 Նա նաեւ ընդգծեց՝ թույլ չպիտի տրվի, որ այս հարցը օգտագործվի ազդեցության և վերահսկողության համար պայքարող գերտերությունների կողմից։

Զեկուցողը վերջում անդրադարձավ նաեւ Թուրքիային՝ շեշտելով․

«Կարծում եմ նաև, որ Թուրքիան, որը նշանակալի դեր է խաղացել 2020 թվականին Ադրբեջանին աջակցելու գործում, պետք է ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերի»։