Էլինա Դանիելյանը` շախմատի Եվրոպայի ակումբային գավաթակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ավստրիական «Պամհագեն» թիմի կազմում դարձել է Եվրոպայի գավաթակիր:
Ավստրիայում կայացած Եվրոպայի ակումբների գավաթի խաղարկությունում մեր շախմատիստուհու թիմը 7 տուրում չի կրել ոչ մի պարտություն, 14 հնարավորից վաստակել է 12 միավոր և զբաղեցրել 1-ին տեղը: Նրան հաջորդող ռումինական ՉՍՈՒ «Սուպերբեթ» և Մոնտե Կառլոյի «Սերկլ» թիմերը ետ են մնացել ընդամենը մեկ միավորով:
Նշենք, որ «Պամհագենը» նախավերջին` 6-րդ տուրում, Էլինա Դանիելյանի հաղթանակի շնորհիվ 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանական թիմին և ամրապնդել իր դիրքերը: Վերջին տուրում ավստրիական թիմը ոչ-ոքի է խաղացել լեհական «Գվիազդայի» հետ և ապահովել ոսկե մեդալները: Էլինա Դանիելյանի հետ հանդես են եկել նաև ուկրաինուհիներ Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը և Լեհաստանը ներկայացնող ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Մալցևսկայան:
Տղամարդկանց ակումբային մրցաշարում մասնակցել են Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Նրանց թիմերը` համապատասխանաբար ռումինական ՉՍՈՒ «Սուպերբեթը» և ֆրանսիական «Ասնիերը», վաստակելով 10-ական միավոր, բաժանել են 4-12-րդ տեղերը: Եվրոպայի գավաթակիր հռչակվել է չեխական «Նովի Բորը», որը 7 խաղում տարել է 7 հաղթանակ: