Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն

Ես խորապես անհանգստացած եմ Ռուսաստանում և այլ երկրներում քննարկումներից. Վլադիմիր Վարդանյան

«Մարդու իրավունքները հարգող պետությունում մահապատժի տեղ չկա», -հայտարարել է ԵԽԽՎ -ում հայկական պատվիրակության անդամ,  Մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը ։

Հոկտեմբերի 10 -ին նշվող Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին Վարդանյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Այս տարի` Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրը մենք կենտրոնանում ենք մահապատժի և խոշտանգումների կամ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի արգելման վրա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ  մահապատիժը համատեղելի չէ կյանքի իրավունքի հետ, և այն  հավասարազոր է «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հետ», որը հակասում է ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքին: Սա կիրառվում է բոլոր հանգամանքներում, ներառյալ պատերազմի ժամանակ:

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները չպետք է անհատին հանձնեն կամ արտաքսեն մեկ այլ պետություն, որտեղ կան մահապատժի ենթարկվելու իրական ռիսկի կասկածանք։ Մահապատիժը բոլոր ձևերով, ինչպես նաև «մահապատիժ երևույթը», անհամատեղելի են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի արգելքի հետ։

Ես խորապես անհանգստացած եմ Ռուսաստանում և այլ երկրներում մահապատժի հնարավոր վերականգնման վերաբերյալ քննարկումներից։  Կոչ եմ անում Ռուսաստանին և մյուս երկրներին հնարավոր միջոցներ ձեռնարկել՝ զերծ մնալու նման առաջարկներից և քննարկումներից։

Ցավալի է նաև, որ Եվրոպայի խորհրդի երկու դիտորդ երկրներ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ճապոնիան, շարունակում են մահապատժի ենթարկել և պարբերաբար մահապատիժներ իրականացնել։  Նմանապես, խորապես ցավալի է, որ Ժողովրդավարության հարցերով վեհաժողովի երեք գործընկերներ՝ Հորդանանը, Մարոկկոն և Պաղեստինը, առաջընթաց չեն գրանցել մահապատժի` օրենսդրորեն վերացնելու ուղղությամբ, ինչպես պահանջել է Ասամբլեան:

  Ցավով եմ նշում, որ մահապատիժը դեռևս չի վերացվել եվրոպական մայրցամաքում՝ հաշվի առնելով, որ Բելառուսը դեռ քայլեր չի ձեռնարկել այս բարբարոսական պրակտիկայից հրաժարվելու համար։

Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում դրական քայլեր են ձեռնարկվում մահապատիժը արգելելու ուղղությամբ, ընդ որում Հասարակածային Գվինեան և Պապուա Նոր Գվինեան միացել են մոտ 170 պետություններին, որոնք վերացրել  են մահապատիժը կամ հայտարարել մորատորիում։

Ինչպիսին էլ լինի հանցագործությունը, մահապատժի համար տեղ չկա մի պետությունում, որը հարգում է մարդու իրավունքները:  Ես կրկնում եմ Վեհաժողովի կոչը՝ դադարեցնել մահապատժի կիրառումը և, ի վերջո, վերացնել այն օրենքով։

  Ես նաև կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետություններին, որոնք դեռ չեն ստորագրել և/կամ վավերացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 Արձանագրությունը, դա անել որքան հնարավոր է շուտ»: