Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղացին 98-րդ քայլին
Աջակցիր «Ա1+»-ինՍենթ Լուիսում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրում իրար հետ հանդիպեցին հայազգի երկու շախմատիստները` Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը:
Պարտիան անցավ անչափ լարված պայքարում: Սպիտակներով հանդես եկող Սամուել Սևյանը վերջնախաղում չնայած զինվորի առավելություն ստացավ, սակայն Լևոն Արոնյանը գրագետ պաշտպանվեց և մրցակցին թույլ չտվեց իրացնել նյութական առավելությունը: 98-րդ քայլին սպիտակները ստիպված հաշտություն կնքեցին:
Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց մրցաշարում և այժմ 1,5 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 4 շախմատիստներ, որոնց թվում է նաև Սամուել Սևյանը:
Այսօր նախատեսված 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի իր հետ համաքայլ ընթացող Ռեյ Ռոբսոնի հետ: Սամուել Սևյանի մրցակիցը Էվոնդեր Լյանն է, որն ունի 1,5 միավոր:
Զուգահեռ ընթացող շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում հաջող է հանդես գալիս հայազգի Տաթև Աբրահամյանը: Նա 3 հնարավորից վաստակել է 2 միավոր և բաժանում է 3-5-րդ տեղը: Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում են Ալիս Լիին և Մեգան Լիին:
Նշենք, որ շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնություններին մասնակցում են 14-ական շախմատիստ-շախմատիստուհի: Մրցաշարերը կտևեն մինչև հոկտեմբերի 19-ը: