Բացել լրահոսը Փակել լրահոսը
135004
A A
Սպորտ

«Փյունիկ»- «Ժալգիրիս»՝ - 2:0. Կոնֆերենցիաների լիգա, 3-րդ տուր

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Այսօր կայացած խմբային փուլի 3-րդ տուրի խաղում փյունիկցիները սեփական դաշտում 2:0 հաշվով վստահ հաղթեցին Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»:

Հանդիպումը սկսվեց փոխնիփոխ գրոհներով: Առաջին դիպուկ հարվածը դարպասին 9-րդ րոպեին կատարեց «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն այն թույլ ստացվեց: 16-րդ րոպեին հյուրերը վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին, սակայն տանտերերի պաշտպաններին ու դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը:

Այնուհետև գոլ խփելու լավ պահեր կորցրեց նույն Յուրիչիչը, ապա` Յուսուֆ Օտուբանջոն: Թվում էր, որ առաջին խաղակեսում թիմերին այդպես էլ չի հաջողվի գրավել դարպասը, սակայն 44-րդ րոպեին փյունիկցիները վտանգավոր գրոհ կազմակերպեցին կենտրոնով, Ժունինյոն «Ժալգիրիսի» պաշտպանի ոտքի վրայից «փախցրեց» գնդակը, մտավ տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով բացեց հաշիվը` 1:0:

Ընդմիջումից հետո հյուրերը սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել, ինչը «Փյունիկին» հնարավորություն էր տալիս կազմակերպել սուր հակագրոհներ: Ավաղ, տանտերերին չհաջողվեց դրանցից գոնե մեկն հասցնել արդյունավետ ավարտի: Սակայն, 61-րդ րոպեին փյունիկցիները գերազանց խաղարկեցին անկյունային հարվածը, և Օտուբանջոն գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:

«Ժալգիրիսը» շատ արագ թարմ ուժեր մտցրեց խաղադաշտ և փորձեց բեկում մտցնել, սակայն` ապարդյուն: «Փյունիկը» գրագետ պաշտպանվեց և մրցակիցն թույլ չտվեց անգամ «թրջել հաշիվը»:

Այդպիսով, Հայաստանի չեմպիոնը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 6 միավոր և հավասարվեց խմբի առաջատար «Բազելին», որն այսօր իր հարկի տակ ընդունել է Բրատիսլավայի «Սլովանին»:

«Փյունիկը» հաջորդ խաղը կանցկացնի մեկ շաբաթ անց, հոկտեմբերի 13-ին: Այդ օրը մեր թիմը պատասխան խաղով հանդես կգա Լիտվայում: