Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga (5)
A A
Սպորտ

Անկասելի քառյակը, «Բավարիայի» նոր ռեկորդը, առաջին պաշտոնանկությունը. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները:

 

Այս անգամ առավել հաջող հանդես եկան անգլիական ակումբները: «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով ջախջախել է Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին», Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթել է իտալական «Միլանին»` 3:0, իսկ «Լիվերպուլը» 2 գնդակ է ուղարկել շոտլանդական «Ռեյնջերսի» դարպասը: Լոնդոնի «Տոտենհեմը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել գերմանական «Այնտրախտի» հետ:

 

Երեք հաղթանակ են տոնել նաև Իտալիայի ակումբները: Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում հաղթել է իսպանական «Բարսելանային», իսկ «Յուվենթուսն» առավելության է հասել իսրայելական «Մաքաբիի» նկատմամբ` 3:1: «Նապոլին» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախել է Ամստերդամի «Այաքսին»` նիդեռլանդական ակումբին հասցնելով ամենախոշոր պարտությունը եվրոգավաթներում:

 

Գերմանիայի ակումբները երեք հաղթանակ տարել են 5 խաղերում: Մյունխենի «Բավարիան» իր հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է չեխական «Վիկտորիային», «ՌԲ Լայպցիգը» սեփական դաշտում հաղթել է շոտլանդական «Սելթիկին»` 3:1, իսկ Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ջախջախել է իսպանական «Սևիլյային»` 4:1: Պարտվել է միայն «Բայերը», որը 0:2 հաշվով զիջել է պորտուգալական «Պորտուին»:

 

Թոփ 5 երկրներից առավել վատ հանդես են եկել իսպանական ակումբները: Հաղթանակ տարել է միայն Մադրիդ «Ռեալը», որը սեփական դաշտում առավելության է հասել Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ` 2:1: Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս զիջել է բելգիական «Բրյուգեին»` 0:2: Ինչպես արդեն նշել ենք, պարտություն են կրել նաև «Բարսելոնան» ու «Սևիլյան»: Վերջինս արդեն պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Լոպետեգեին:

 

Հավելենք, որ երեք տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել չորս թիմեր` «Նապոլին», «Բրյուգեն», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: Գերմանական ակումբը, որը տարել է խոշոր հաշվով 3 անընդմեջ հաղթանակ, սահմանել է մրցաշարի նոր ռեկորդ` անպարտելի մնալով 31 անընդմեջ խաղերում:

 

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 11-ին և 12-ին: Այս անգամ թիմերը կփոխեն խաղադաշտերը և կրկին կհանդիպեն միմյանց հետ: