Լոնդոնը հրաժարվեց
Շախմատի 2012 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը հավանաբար կանցկացվի Հնդկաստանում: Այդ մասին տեղեկացնում է The Times of India թերթը:
Այն բանից հետո, երբ Լոնդոնը հրաժարվեց անցկացնել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդների մրցաշարի հաղթողի միջեւ կայանալիք մրցամարտը, շախմատի համահնդկական ֆեդերացիայի քարտուղար Դ.Վ. Սունդարը ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի ժամանակ առաջարկել է այն կազմակերպել Հնդկաստանում:
ՖԻԴԵ-ն վերջնական որոշում կկայացնի մայիսի վերջին, երբ կավարտվի հավակնորդների մրցաշարը, քանի որ վերջինիս հաղթողի հետ նույնպես պետք է համաձայնեցվի մրցամարտի անցկացման վայրը:
Վիշվանաթան Անանդն այդ առիթով հայտարարել է, որ անչափ ուրախ կլինի, եթե աշխարհի թագի համար մարտը տեղի ունենա իր հայրենիքում, քանի որ ինքը վերջին անգամ Հնդկաստանում հանդես է եկել 2002 թվականին:
Նշենք, որ ՖԻԴԵ-ն պաշտոնապես հաստատել է հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ զույգերը: Ահա դրանք.
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսեյ Գրիշչուկ (Ռուսաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան)
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի կունենա մայիսի 3-27-ը, Կազանում: