Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Ինտեր» - «Բերսելոնա» խաղում

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում իր հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է իսպանական «Բարսելոնային»:

Միակ գոլն առաջին խաղակեսի վերջում խփել է թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն: Նա մասնագետների կողմից ստացել է 7,5 միավոր: Նման բարձր գնահատականի է արժանացել նաև նիդեռլանդցի պաշտպան Ստեֆան դե Վրիյը: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին, արժանացել է 6,5 բալի:

Ահա թե ինչ է գրել նրա խաղի մասին La Gazzetta dello Sport-ի օրաթերթը. «Նա հաճախ էր սխալվում, խաղում էր կարճ փոխանցումներով, առանց ստեղծագործելու: Բայց ուներ մի առավելություն. միշտ օգնում էր խաղընկերներին, չէր թաքնվում և գնում էր պայքարի, հատկապես Դեմբելեի դեմ»:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 6 միավոր և իր խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը: Աղյուսակը վստահորեն գլխավորում է Մյունխենի «Բավարիան», որն ընթացիկ տուրում 5:0 հաշվով ջախաջախել է չեխական «Վիկտորիա Պլզենին» և տարել երրորդ անընդմեջ հաղթանակը:

Հաջորդ խաղը «Ինտերը» կանցկացնի հոկտեմբերի 12-ին, արդեն «Բարսելոնայի» հարկի տակ: