Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Անհրաժեշտ պատասխան՝ ագրեսորի համար հետևանքներով. Փաշինյանը՝ հայ ռազմագերի գնդակահարության տեսանյութի մասին

Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ ռազմագերիների խմբին գնդակահարելու ռազմական հանցագործության հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառումներում անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին։

«Սոցցանցերում ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել: Ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի և հասցեական գնահատական տա այս պատերազմական հանցագործությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ»:

«Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»,- գրել է ՀՀ վարչապետը: