Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_6X3
A A
Մշակույթ

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-ից 22-ը` «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մշակույթն ամուր թիկունք է Հայաստանի համար, հատկապես հիմա մշակութային գործիչներն իրենց աշխատանքով պետք է հենասյուն դառնան հայրենիքի համար։

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Հարավային Օսեթիայից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։

Երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

Այս տարի Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվում են հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Կլինի տոմսերի վաճառք և փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

Ներկայացում կցուցադրվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

Փառատոնի բացումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 17-ին` ժ. 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն․ փառատոնի օրերին վարպետաց դասեր կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է հռչակավոր ռեժիսորի հետ շփվելու համար։

Նշենք, որ փառատոնի նորություններին կարելի է հետևել https://www.tobe.am/ նորաստեղծ կայք-էջի միջոցով։

Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: