«Խաղ գնելը վտանգավոր գործ է»
Ռուսաստանի լրատվամիջոցները շարունակում են քննարկել հրապարակումը, որ ՌԴ-ն Հայաստանի իշխանություններին տնտեսական բնույթի բավական հրապուրիչ գործարք է առաջարկել, որի դիմաց Հայաստանի հավաքականը պետք է պարտվի մարտի 26-ին Ռուսաստան թիմի հետ կայանալիք ընտրական խաղում:
Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարվել է մեկնաբանել այդ լուրը` նշելով, որ իր արժանապատվությունից ցածր է անդրադառնալ այդ հարցին: Իսկ ահա այդ երկրի հավաքականի պաշտպան Ռոման Շիշկինը այդ կապակցությամբ հետաքրքրիր հայտարարություն է արել.
«Ես կարդացել եմ այդ մասին թերթերում եւ այն անհաջող կատակի տեղ եմ ընդունել: Պարզ է, որ նույնիսկ այդ մակարդակի խաղերի ժամանակ եղել են նման բաներ (ֆուտբոլիստը նկատի ունի այն, որ որոշ թիմեր ինչ-ինչ պատճառներով լուրջ դիմադրություն ցույց չեն տվել մրցակցին), սակայն խաղ առնելը շատ վտանգավոր գործ է: Բացի այդ, Հայաստանի ընտրանին այնքան էլ անհաղթահարելի մրցակից չէ: Այդ լուրը պարզապես զառանցանք է»:
Ուշագրավն այն է, որ մարտի 25-ին եւ 26-ին Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի շրջանակում կայանալիք 19 հանդիպումներից միայն Հայաստան - Ռուսաստան խաղն է հայտնվել սկանդալի կենտրոնում:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղից առաջ խոսք է գնում պայմանավորվածության մասին: Մասնավորապես` 1997 թ նման ասեկոսեներ տարածվեցին Հայաստան - Ուկրաինա, իսկ 2003-ին` Հայաստան - Հունաստան ընտրական հանդիպումներից առաջ: Այդ երկու խաղերում էլ մեր ընտրանին պարտություն է կրել: