Բացել լրահոսը Փակել լրահոսը
03990000-0aff-0242-495c-08daa23b056a_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Սաակաշվիլիի կուսակցությունը պահանջում է Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանել «օկուպացիոն հարկ»

Ամերիկայի ձայն

 

Ըստ օրինագծի նախաձեռնողների՝ բոլոր ռուսները, ովքեր երկիր են գալիս կամ արդեն Վրաստանում են որպես զբոսաշրջիկներ, պարտավոր են պետական գանձարան վճարել 1000 լարի (մոտ 350 դոլար):

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2001 թվականին Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի համար հարկման մասին օրենքի նախագիծը։

Ըստ օրինագծի՝ բոլոր ռուսները, ովքեր երկիր են գալիս կամ արդեն Վրաստանում են որպես զբոսաշրջիկներ, պարտավոր են պետական գանձարան վճարել 1000 լարի (մոտ 350 դոլար): Հակառակ դեպքում ՌԴ քաղաքացին չի կարողանա հատել սահմանը, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածում գտնվող Վերին Լարս-Կազբեգի անցակետը։ Եթե նա արդեն երկրում է, նրան կարող են արտաքսել, թեև Վրաստանի օրենսդրությունը թույլ է տալիս առանց վիզայի զբոսաշրջիկներին, այդ թվում՝ ռուսաստանցիներին մեկ տարի գտնվել երկրում:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աղբյուրները դեռ չեն մեկնաբանել օրինագիծը, սակայն ակնարկում են, որ այն դժվար թե ընդունվի։ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունը հաճախ մատնանշում է երկնիշ տնտեսական աճը և նույնիսկ չի թաքցնում, որ այդ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների մեծ հոսքով։

Բացի այդ, վարչապետ Ղարիբաշվիլին բազմիցս ընդգծել է Թբիլիսիի քաղաքականությունը ուկրաինական պատերազմի համատեքստում: «Վրաստանը չի միանա հակառուսական պատժամիջոցներին և թույլ չի տա «Ռուսաստանի դեմ» երկրորդ ճակատի բացումը։ Բացի այդ, Վրաստանը պարտավորվել է ԵՄ առջև թույլ չտալ խտրականության որևէ դրսևորում, իսկ առաջարկվող օրինագծում մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ նկատում են խտրականության նշաններ:

Վերջին օրերին կտրուկ ավելացել է Ռուսաստանի քաղաքացիների հոսքը, ովքեր փորձում են Վերին Լարս անցակետով մտնել Վրաստան։ Նրանցից շատերը չեն թաքցնում, որ հեռանում են Ռուսաստանում հայտարարված զորահավաքի պատճառով։ Սահմանային անցակետում հսկայական հերթ է գոյացել: Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր չեն սահմանափակել ռուսաստանցիների մուտքը։

Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ։ Մոսկվան 2008 թվականին ճանաչեց այս ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա