Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործկոմի նիստ` Կիպրոսում

Սպորտ
fc42cc72a9bc8c9322a233e8578b995f

Հայաստանի ազգային հավաքականը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում` նախապատրաստվելով փետրվարի 9-ին կայանալիք Վրաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը, իսկ ահա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ընթացքում անցկացրեց արտագնա գործկոմի նիստ: Այն վարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ նախագահի առաջարկությամբ ֆեդերացիայի առաջին փոխնախագահի պաշտոնում հաստատվեց Արմեն Մինասյանը, իսկ փոխնախագահ նշանակվեց Աշոտ Մանուկյանը:

Գործկոմը փոփոխեց ֆուտբոլիստների տրանսֆերային պատուհանների ժամանակը: Հաշվի առնելով բարձրագույն խմբի 2011 թ առաջնության անցկացման ժամկետները` խաղացողների գրանցման համար սահմանվեցին հետևյալ ժամանակահատվածները. փետրվարի 3-ից մինչև մարտի 2-ը եւ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 23-ը:

Հաստատվեցին ՀՖՖ-ի բոլոր կոմիտեների նախագահները եւ կազմերը:

Արտոնագրման կոմիտե` նախագահ` Արայիկ Լոպոյան:
Արտոնագրման բողոքարկման կոմիտե` Արայիկ Մանուկյան:
Մանկապատանեկան ֆուտբոլի կոմիտե` Էդուարդ Ղազարյան:
Իրավական կոմիտե` Էդիկ Մարգարյան:
Բժշկական կոմիտե` Դերենիկ Դումանյան:
Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտե` Սուքիաս Ավետիսյան:
Մասսայական ֆուտբոլի կոմիտե` Տարոն Մարգարյան:
Մրցավարական կոմիտե` Լևոն Հասրաթյան:
Ֆուտբոլիստների կարգավիճակի կոմիտե` Արտակ Մնացականյան:
Ֆինանսական կոմիտե` Թովմաս Գրիգորյան:

Հաստատվեցին նաեւ Հայաստանի մինչեւ 19 եւ 17 տարեկան ֆուտբոլիստների եւ կանանց հավաքականների մարզչական շտաբերը: 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարազդատ Ավետիսյանը, մարզիչ` Վարդան Բիչախչյանը: 17 տարեկանների ընտրանին գլխավորեց Սուրեն Չախալյանը: Նրան կօգնի Ռոման Սիմոնյանը: Կանանց ազգային հավաքականի ղեկը կրկին վստահվեց Վաղարշակ Ասլանյանին:

Իսկ ահա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի հարցը կրկին լուծում չստացավ: