Ռոման Շիրոկովը չի թերագնահատում
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը չնայած Հայաստանի ընտրանուն չի դասում ուժեղ թիմերի թվին, սակայն կարծում է, որ Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի առաջիկա խաղում չպետք է թերագնահատել հայ ֆուտբոլիստներին:
«Հայաստանի հավաքականը անցած տարվա վերջին ցույց տված խաղերում շատ լավ տպավորություն թողեց: Չպետք է մոռանալ, որ առաջին հանդիպումը կայանալու է մրցակցի հարկի տակ: Եթե խաղայինք սեփական դաշտում, ապա շատ ավելի հեշտ կլիներ մեր համար»:
Հարկ է նշել, որ որ «Զենիթի» ֆուտբոլիստը շատ է կարեւորում Հայաստանի հավաքականի հետ առաջիկա երկու խաղերը: «Այդ հանդիպումները մարզական առումով անչափ կարեւոր նշանակություն ունեն: Եթե մենք հաղթենք Հայաստանին, ապա մեր անմիջական մրցակիցները մեր հետ խաղերում ստիպված կլինեն ձգտել միմիայն հաղթանակի, իսկ դա մեզ հնարավորություն կտա փոխել մարտավարությունը, օրինակ` գործել հակագրոհներով»:
Նշենք, որ մեր ազգային թիմի առաջիկա մրցակիցը ներկայումս գտնվում է Դուբայում եւ պատրաստվում է Իրանի ազգային թիմի հետ ընկերական խաղին: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը այդ հանդիպումից առաջ ասել է, որ դժվար կլինի Հայաստանի հավաքականից պահել թիմի տակտիկական գաղտնիքները:
«Մենք էլ, հայերն էլ, իրենց հետախույզները կունենան ընկերական խաղերին: Կարեւորն այն է, որ մենք պաշտպանությունում թույլ չտանք այնպիսի սխալներ, ինչպես Սլովակիայի եւ Բելգիայի հավաքականների հետ հանդիպումներում»: